Թբիլիսիի ջազային երաժշտության միջազգային 21-րդ փառատոնը՝ Tbilisi Jazz Festival, աշնան փոխարեն կանցկացվի գարնանը՝ ապրիլի 28-30-ը։
Փառատոնի կազմակերպիչ Eastern Promotions ընկերությունը որոշել է սիրված միջոցառումը անցկացնել գարնանը, որպեսզի այն համընկնի ապրիլի 30-ին նշվող ջազի միջազգային օրվա հետ։
Այս օրերին Թբիլիսիում համերգներով ելույթ կունենան միջազգային ճանաչում ունեցող այնպիսի աստղեր, ինչպիսին է ջազային տրիո Bad Plus-ը, ամերիկյան Naturally 7-ը, ինչպես նաև Miles Electric Band-ն ու սաքսաֆոնահար Ռավի Քոլթրեյնը։
Համերգները կանցկացվեն Թբիլիսիի Event Hall համերգասրահում։
Տոմսերն արդեն վաճառվում են, դրանք հնարավոր է ձեռք բերել tkt.ge-ից։
Թբիլիսիում ջազի առաջին փառատոնն անցկացվել էր 1978 թվականին։ Ջազի փառատոն անցկացնելու ավանդույթը վերականգնվել է 1998-ին։