Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ուսանողական ինքնակառավարման խորհրդի անդամները դադարեցրել են հացադուլը` ռեկտոր Վլադիմիր Պապավայի հրաժարական տալու մասին հայտարարությունից հետո:
Պապավան հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 30-ին` ուսանողների հայտարարած հացադուլի երկրորդ օրը: Բողոքող ուսանողները ռետորին մեղադրել են այն հարցում, որ բուհում ` ըստ իրենց, աշխատում են ուժային կառույցների գործակալներ, ինչպես նաև այն, որ արդեն երեք տարի բուհը զարգացում չի արձանագրել:
«Մենք դադարեցնում են հացադուլը, սակայն, համալսարանի զարգացմանն ուղղված պայքարը շարունակվում է»: Նման հայտարարություն է տարածել ուսանողական ինքնակառավարումը:
Իր հերթին արդեն նախկին ռեկտորն իր որոշումը բացատրել է այսպես. որ ինքը պատասխանատվություն է կրում համալսարանում տեղի ունեցող բոլոր գործընթացների համար և առաջնորդվել է միայն բուհի շահերից ելնելով: Պապավան հայտարարել է, որ իր վրա ոչ ոք ճնշում չի գործադրել:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին Վրաստանի մայր բուհի ուսանողների մի խումբ ակցիա սկսկեց ` նախ պահանջելով ու հասնելով աշխատակազմի ղեկավարի թեկնածուի հրաժարականին, ապա ավելացրին պահանջները` կես ամսվա պայքարի արդյունքում հասնելով նաև գործող ռեկտորի հրաժարականին:
Ավելի ուշ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից հայտարարեցին, որ պատրաստ են փոփոխություններ մտցնել բարձրագույն կրթության մասին օրենքի մեջ`հիմնվելով ուսանողների առաջարկների վրա:
Սակայն ուսանողները վերսկսեցին դադարեցրած դասադուլը` վերածելով հացադուլի, ավելացրին նաև ռեկտորի հրաժարականի պահանջը: Նրանք նշում էին, որ Կրթության նախարարության առաջարկության մեջ ոչ մի նորություն չեն տեսնում: