Վրաստան շաբաթաթերթի փետրվարի 3-ի համարում տպագրվել են կյանքից հեռացած թբիլիսաբնակ հանրաճանաչ երաժիշտ Լյովա Օգանեզովին նվիրված մահախոսականներ: Ալիք մեդիան հրապարակում է հոդվածը առանց փոփոխության.
81 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի դիրիժոր, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Լյովա Օգանեզովը։ 1964 թվականից, 54 տարիների ընթացքում, նա ղեկավարել է երկրի առաջին թատրոնի նվագախումբը։ Այդ պաշտոնում Լյովային երաշխավորել էր, այսօր արդեն համաշխարհային ճանաչում վայելող երգահան, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին («Միմինո», «Անձնագիր», «Քին-ձա-ձա», ինչպես նաեւ «Կովկասյան կավճե շրջան», «Խանումա», «Ռիչարդ 3-րդ», «Համլետ», «Լիր արքա», «Մակբեթ» եւ այլ կինոնկարների ու նեկայացումների երաժշտությունների հեղինակ¤։ Նրանք միմյանց ճանաչում եւ բարեկամություն էին անում սկսած 20-րդ դարի 60-ական թվականների սկզբներից եւ մեծ հեղինակություն վայելող «Ռերո» էստրադային համույթում գործունեության տարիներից, որտեղ Լյովան թիվ մեկ սաքսաֆոնիստն էր, իսկ Գիա Կանչելին այդ համույթի մենակատարների համար գրել է ավելի քան հարյուր ստեղծագործություն, որոնք այսօր էլ հայտնի են ե՚ւ Վրաստանում, ե՚ւ Հայաստանում, ե՚ւ Ռուսաստանում։
Մեկ ժամ անց, ստացանք հետեւյալ նամակը. «Թանկագին Վան, ուղարկում եմ իմ տեքստը։ Միաժամանակ ուզում եմ հաղորդել, որ հուշեր գրելու խնդրանքով դիմել եմ նաեւ հնչյունային ռեժիսոր Միխայիլ Կիլոսանիձեին, ով առավել քան կես դար համագործակցել է մեր հարազատ Լյովայի հետ։ Կուղարկեմ նյութն ավելի ուշ։ Լավագույն բարեմաղթանքներով՝ Գիա Կանչելի։ Անտվերպեն, 27 հունվարի»։ Գիայի սրտաբուխ խոսքը Լյովայի մասին ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԹՅԱՆ
Ինձ հաճախ են տալիս միեւնույն հարցը. «Եթե դուք այդքան երջանիկ մարդ եք, ինչո՞ւ եք գրում տխուր երաժշտություն»։ Ի պատասխան հարցնում եմ. «Ի՞նչ է, կցանկանայիք լինեի դժբախտ եւ գրեի ուրախ երաժշտությո՞ւն»։
Տխուր երաժշտությունը ժամանակի դիմածռությունն է, որը շարունակվում է մինչ օրս։ Իսկ ինձ երջանիկ եմ համարում երկու պատճառով՝ առողջության եւ ինձ շրջապատող մարդկանց բարեկեցությամբ ու առաջին դասարանցիների եւ շնորհալի երաժիշտների հետ հաղորդակցությամբ։ Դրանցից մեկն էր Լյովա Իրակլիի Օգանեզովը, երաժիշտ, ում մասին ինչպես ասում են, շնորհը Աստծուց էր տրվել։ Մեր բարեկամությունը սկսվեց երիտասարդության տարիներին։ Հիացած էի ջազով, իսկ Լյովան նվագում էր «Ռերո» համույթում՝ սաքսաֆոն։
Անցավ ժամանակ եւ սկսեցի համագործակցել Ռոբերտ Ստուրուայի հետ։ Իմ սերնդի քաջածանոթ Դորիան Քիտիան, լինելով Ռուսթավելու թատրոնի տնօրեն, ինձ առաջարկեց զբաղեցնել երաժշտական ղեկավարի պաշտոնը։ Օժտված բացառիկ նրբազգացությամբ, Դ.Քիտիան, որի բեմադրության վրա աշխատում էր Ռոբերտ Ստուրուան, շատ ավելի գրավիչ կլիներ, եթե ներկայացման երաժշտությունը հնչեր ոչ թե ձայնագրությամբ, այլ կենդանի կատարմամբ։ Ապահովելով ֆինանսավորումը, նա ինձ առաջարկեց ստեղծել նվագախումբ եւ գտնել դիրիժոր։ Կարծում եմ, որ ես ընդունեցի ճիշտ որոշում՝ հրավիրելով ոչ թե պրոֆեսիոնալ դիրիժորի, այլ հիանալի երաժիշտ Լեւ Օգանեզովին։ Եվ չսխալվեցի…
Որպես օրենք, ներկայացման երաժշտական ձեւավորումն առանձնանում է բարձր որակով։ «Խանումայում» նվագախմբային երաժշտությունից բացի, շատ էին երգերը։ Եվ Լյովան, պարզվեց՝ հիանալի եւ զգայուն երաժիշտ էր։
Հաջորդ ներկայացումը՝ Բերտհոլդ Բրեխտի «Կովկասյան կավճե շրջանը» շրջայցեց ողջ աշխարհը եւ այդ հաղթարշավում Լ.Օգանեզովի նշանակությունը նշանակալի դեր կատարեց։
Ես ավելի քան 50 ֆիլմերի համար երաժշտություն եմ գրել եւ չի եղել ոչ մի ձայնագրություն, որին Լյովան՝ որպես երաժիշտ կամ դիրիժոր չի մասնակցել։ Իմիջիայլոց, սաքսաֆոնից բացի, Լյովան հիանալիորեն կլարնետ էր նվագում, ֆլեյտա, դուդուկ եւ հարվածային գործիքներ, ինչն ակնհայտորեն բացառիկ ունիվերսալիզմի առկայությունն էր նշանակում։
Ես երախտապարտ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արել է ոչ միայն իմ, այլեւ երաժշտական ասպարեզում մեծագույն ավանդի համար։
Ցանկանում եմ մասնավորապես մի միջադեպ պատմել , որը Լյովայի մոտ նուրբ հումորի զգացումի առակայության վկայությունն է։ Երբ աշխարհով մեկ սկսվեց «Կովկասյան կավճե շրջանի» հաղթարշավը, ինձ կանչեց թատրոնի տնօրենի պաշտոնում Դորիան Քիտաիային փոխարինած Օթար Քինքլաձեն։
Հիշողությամբ մեջբերում եմ նրա խոսքերը. «Ինձ անհարմար է եւ անգամ ամոթ է խոսել այն մասին, ինչը պնդում են ինձ հետ խոսելիս մշակույթի նախարարության ներկայացուցիչները։ Ինչպես պարզվեց, նրանք պահանջում են, որպեսզի Լյովա Օգանեզովը իր համար ընտրեր կեղծանուն, որը հնչելու էր որպես վրացական ազգանուն (Թբիլելի, Իսնելի եւ այլն¤։ Ինձ, որպես մարդու, որը չի հաշտվում ազգայնականության ցանկացած դրսեւորման հետ, շատ դժվար է նման առաջարկությամբ դիմել բարեկամին։ Երբ տնօրենը երրորդ անգամ ինձ հիշեցրեց այդ մասին, ես ստիպված էի խոսել Լյովայի հետ, նշելով, որ դա անհրաժեշտ է միայն գովազդի համար։
Վիրավորված Լյովան արտաքինից ցույց չտալով, խոստացավ մտածել այդ մասին։ Մեկ շաբաթ անց, մենք հանդիպեցինք թատրոնում, եւ Լյովան ժպիտը դեմքին նշեց, որ կեղծանունը գտել է։ Իմ հարցին, թե ի՞նչ կեղծանուն է, նա հպարտությամբ պատասխանեց. «Ռուսթավելի»։ Նրա սրամիտ եւ հումորով լի պատասխանի համար, ուրախությունից նրան համբուրեցի։ Այդ հարցը դրանից հետո օրակարգից հանվեց։
Ահա այսպես. իր յուրօրինակ հումորի շնորհիվ, նա կյանքում եւ բազմաթիվ գովազդներում մնաց Լյովա Իրակլիի Օգանեզով։
ԳԻԱ ԿԱՆՉԵԼԻ
* * *
Լյովա Օգանեզով։ Որքան ծանր ու ցավալի է նրա մասին անցյալ ժամանակով խոսելը։ Մինչ օրս իմ ականջներում հնչում է նրա սաքսաֆոնի հիանալի, բացառիկ այլտ տեմբրը։ Բացառիկ երաժիշտ, որը հիանալիորեն տիրապետում էր շատ գործիքների՝ սաքսաֆոն, ֆլեյտա, կլարնետ, ակորդեոն, շրթհարմոն եւ այլն։ Նա էլ հանդիսանում էր Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի նվագախմբի ղեկավարը։ Ինձ բախտ էր վիճակվել Լյովայի հետ համագործակցել բազում ձայնագրությունների ժամանակ։ Բացառիկ պահանջկոտ իր նկատմամբ, նա միշտ կարողանում էր հասնել կատարման առավելագույն որակի։
Ինձ համար միշտ մեծ բավականություն էր Լյովայի հետ առնչվելը։ Տիրապետելով նուրբ զգացումին, նա միշտ պատրաստ էր կատակել, ծիծաղել։ Համեղ ուտեստների սիրահար էր եւ ինքն էլ լավ էր պատրաստում։ Երբեք չեմ մոռանա նրա ֆիրմային խաշի համը։
Շատ ցավալի է, երբ կյանքից հեռանում է նման տաղանադավոր լավ մարդիկ։
ՄԻԽԵԻԼ ԿԻԼԱՍՈՆԻԱ
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնի հնչյունային ռեժիսոր