Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն անհրաժեշտ է համարել ընտրական դաշինքների ինստիտուտի վերացումը։
«Եթե ցանկանում ենք կուսակցական համակարգ ստեղծել, որն այսօր չունենք, ապա ընտրական դաշինքների ինստիտուտն անպայման պետք է վերացնել»,-Զուգդիդիում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ անցկացված հանրային քննարկմանն ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ ընտրական դաշինքների ինստիտուտի լուծարման մասին ընդունված որոշումը սկզբունքային է:
«Վրաստանի անկախությունից ի վեր արդեն 25 տարի է անցել, սակայն, կուսակցական համակարգ դեռևս չենք ձևավորել: Այդ ճանապարհին դաշինքների ինստիտուտը մշտապես մեծ խոչընդոտ է հանդիսացել: Եթե մենք դա այսօր չանենք, երկրում երբևէ կուսակցական համակարգ չենք տեսնի»,- հայտարարել է Կոբախիձեն՝ վստահեցնելով, որ որոշումը երկրի զարգացման նպատակով է կայացվել։