Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը կոչ են անում երկրի իշխանություններին թմրանյութային քաղաքականության հարցում սկզբունքային որոշման գալ։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Իրակլի Կիկնավելիձեն հայտարարել է, որ դա կարևոր է, որպեսզի իշխող ուժը դադարեցնի «թմրանյութերի միջոցով քաղաքացիներին շանտաժի ենթարկելու» գործելաոճը։
Ռուսթավի 2 հեռուստաընկերության փոխանցմամբ, նույն կարծիքին է նաև «Միացյալ ազգային շարժում»-ը: Կուսակցության անդամ Կոտե Իոսելիանիի համոզմամբ, թմրանյութային քաղաքականությունը շարունակում է անփոփոխ մնալ նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի ցանկության համաձայն։ «Քաղաքացիներին շանտաժի ենթարկելու համար թմրանյութերը լավագույն միջոցն են»,-ասել է Իոսելիանին:
Հատկանշական է, որ իշխող թիմում հաստատել են, որ թմրանյութային քաղաքականության հարցի շուրջ ընդհանուր համաձայնության չեն եկել: Թմրանյութերի քաղաքականության վերաբերյալ օրինագիծը քննարկվել է խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովում, սակայն, որևէ որոշում չի ընդունվել: