Ընդդիմությունը բացատրություններ է պահանջում «Գազպրոմի» հետ պայմանագրի վերաբերյալ

«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ իշխանությունը Վրաստանի ազգային շահերի դեմ է գործել»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության ղեկավար Սերգո Ռատիանին: Նրա խոսքերով` «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվածության վերաբերյալ խորհրդարանական փոքրամասնության երկու խմբակցության համատեղ նիստի ժամանակ Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին  կհրավիրեն խորհրդարան: Ռատիանին ասել է, որ նրանք դիմել են նախարարություն և պատասխան չեն ստացել:

«Գազպրոմի հետ պայմանավորվածությունը հետաքրքրում է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ հասարակությանը և հասարակական կազմակերպություններին: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ իշխանությունը երկրի ազգային շահերի դեմ գործողություն է իրականացրել: Ինչքան Կալաձեն երկարացնի հարցերի պատասխանը, այնքան ավելի վատ իշխանության համար: Նա միևնույն է պատասխանելու է այդ հարցերին»,- հայտարարել է Սերգո Ռատիանին:

Նշենք, որ խորհրդարանական փոքրամասնությունը Կախա Կալաձեին հրավիրել է խորհրդարան: Կանոնակարգի համաձայն՝ Կալաձեն պարտավոր է ներկայանալ և պատասխանել ընդդիմությանը հուզող հարցերին, քանի որ, ըստ օրենքի, կառավարության անդամը իրավունք ունի, իսկ հրավերի դեպքում պարտավոր է ներկա լինել խմբակցության նիստին և պատասխանել իրեն ուղղված հարցերին:

Լուսանկարը՝ «iPress.ge»

Թողնել պատասխան