Միացյալ ազգային շարժման առաջնորդներից Նիկա Մելիան ԿԸՀ-ին կոչ է արել` չարգելել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին` ֆեյսբուքում, ուղիղ եթերով ձայների հաշվարկի հրապարակումը:
Մելիան վստահություն է հայտնել, որ ըստ ներկա դիտորդների հաշվարկի` իշխող կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում ձայների թվով զիջում է.
«Մենք հիմա տեղեկություններ ենք ստանում, որ շատ տեղամասերում նրանք պարտվել են, այդ պատճառով դիմում եմ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիային` ոչ մի դեպքում չպահանջել անջատել հաշվարկի պահին ֆեյբուքյան եթերը: Քանի որ արդեն հայտնի է` ինչ է ուզում Իվանիշվիլին։ Նա ուզում է կոտրել մեր և մյուս ընդդիմադիր ուժերի դիտորդներին»:
Ընտրատեղամասերի փակվելուց մի քանի րոպե առաջ Մելիան արդեն կոչ էր արել դիտորդներին` համախմբվել և պաշտպանել ընտրողների ձայները: Սկսվում է կարևոր փուլ, ձայների պաշտպանության փուլը: Հորդորում եմ առավելագույն զգոն լինել: Միլիարդատեր Իվանիշվիլին պարտվեց այս ընտրություններում և հիմա ձայների պաշտպանության պատասխանատվությունը յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի վրա է,- ասել է Մելիան: