«Վրաստանում կավելանա նոր մասշտաբային եւ բազմաֆունկցիոնալ տուրիստական վայր՝ «Էնգուրհեսիի» զբոսաշրջային կենտրոնը (տեսանյութը կարող եք դիտել այստեղ), որը համաշխարհային մակարդակի գրավիչ վայրի կվերածվի»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապես Գիորգի Կվիրիկաշվիլին՝ «Էնգուրհեսիի» տուրիստական վայրի ներկայացման ընթացքում:
Ըստ վարչապետի՝ մեկնարկում է շատ կարեւոր նախագիծ, որի նմանն աշխարհում միայն մեկն է՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում գտնվող Հուվերի հիդրոէլեկտրակայանի տուրիստական կենտրոնը:
Վրաստանի կառավարության ղեկավարը համոզված է, որ իր յուրահատկությամբ «Էնգուրհեսին» կդառնա Վրաստանի այցեքարտը:
Տուրիստական ենթակառուցվածքը կտեղակայվի 157 հա տարածքի վրա, որտեղ տեղ կգտնեն ճանաչողական եւ հայտնագործությունների կենտրոն, թանգարանա-տեղեկատվական տարածք, ճոպանուղի, նավարկելի ենթակառուցվածք: Այստեղ կտեղակայվի նաև աշխարհի ամենաերկար՝ 280 մետր բարձրություն ունեցող վերելակը: Կենտրոնը կծառայի նաեւ էքստրիմի սիրահարներին՝ աշխարհում ամենաերկար «զիպ-լայնը» կգտնվի այստեղ:
Նախագծի իրականացման ռազմավարությունը մշակվել է Եվրոպայի առաջատար՝ «Կոկո Արքիթեքթ» կազմակերպության եւ էստոնական փորձառու մասնագետների կողմից: Սրա հետ մեկտեղ, պետությունը մրցույթ է հայտարարել՝ հատկացնելով 2 մլն լարի:
«Շինարարական աշխատանքների ներդրումների ծավալը կկազմի 50 միլիոն լարի, բանակցությունները պոտենցիալ ներդրողների հետ արդեն մեկնարկել են: Նախագիծն իրականացնելու համար հարկավոր է մեկ տարի, ինչից հետո կմեկնարկեն շինարարական-ենթակառուցվածքային աշխատանքները: Նախագծումն ու շինարարությունը կտեւեն 5 տարի, այնուհետև մենք կունենանք բարձր մակարդակի տուրիստական ենթակառուցվածք, որը պետության եւ մասնավոր սեկտորի համագործակցության կարեւոր օրինակ կհանդիսանա»,- ասել է Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին: