Բրիտանացի փոփ եւ ռոք երաժիշտ Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը տեղի կունենա 2018 թ․։ Հայտնի երգիչը հանդես կգա երկու համերգային ծրագրով՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Eastern Promotion կազմակերպության տնօրեն Գիորգի Կուրեսելիձեն:
Նրա խոսքով, կողմերն արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը։ Շեկվեթիլիում գտնվող Black Sea Arena-ում ռոք աստղի երկու համերգները կդառնան 2018 թ․ միակ համերգները: Հիշեցնենք՝ Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը կազմակերպում է SOLO բանկային ծառայությունն ու Eastern Promotion կազմակերպությունը։
SOLO կազմակերպությունից հայտնել են, որ Վրաստանում ծրագրված համերգի հետաձգումը կապված է Էլթոն Ջոնի խմբի կիթառահարի առողջական խնդիրների հետ: Վերջինս խմբի երաժշտական տնօրենն է, անփոխարինելի կիթառահար, որն Էլթոն Ջոնի հետ նվագում է 1972 թվականից:
Հիշեցնենք՝ Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը նախատեսված էր սեպտեմբերի 16-ին և 17-ին։ Նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել տոմսերը, իրավունք կունենան դրանցով ներկա գտնվել հաջորդ տարի ծրագրված համերգին։Տոմսերը կարելի է նաև վերադարձնել սեպտեմբերի 20-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում: