Հայկական խոհանոցի ամենահամեղ պատառները, հայ ավանդական ու նոր ուտեստներ` համեմված հաճելի երաժշտությամբ. այս ամենը` Թբիլիսիի կենտրոնում խոստանում է «ԱՐԱՐԱՏ » ռեստորանը:
Քեթևան Ծամեբուլի 96 հասցեում հայկական այս հացատունն արդեն բացել է դռները:
Ռեստորանի սեփականատեր Գևորգ Սուքիասյանը գիտի` ինչպես գոհացնել համեղ ուտել սիրողներին: Նա Երևանում այս գործով զբաղվելու 2 տասնամյակի փորձ ունի: Հայկական խոհանոցը Վրաստանի մայրաքաղաք բերելու միտքը ծնվել է Թբիլիսիում, երբ փնտրել ու չի գտել հարազատ խոհանոցի ուտեստները. «Մի քանի անգամ Թբիլիսի այցելեցինք, երկար մնացինք Թբիլիսիում և կարոտեցինք մեր կերակուրները, շատ փնտրեցինք, չկարողացանք գտնել հայկական ռեստորան, որտեղ կարելի կլիներ հայկական ուտեստներ ճաշակել, գաղափարը այստեղից ծագեց»:
Իրագործելը երկար ժամանակ չպահանջեց: Տարածքը ընտրելն ու հայկականացնելը մի քանի ամիս է պահանջել: Անվան ընտրության հետ կապված էլ երկար մտածելու կարիք չի եղել: Սեփականատերն ասում է` Արարատը հայերիս խորհրդանիշն է, ցանկացածին պարզ է, որ սա հայկական խոհանոց է:
Գևորգ Սուքիասյանն այս կերպ է բացատրում նաև անվան հայալեզու տարբերակի բացակայությունը` այն թարգմանելու կարիք չկա:
Ռեստորանի բացման արարողությանը ներկա էին հյուրեր ինչպես տեղի հայ համայնքից և Երևանից, այնպես էլ Թբիլիսիի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և այն մարդիկ, ովքեր օգնել են գործն ավարտին հասցնել:
Հացատունն օրհնեց Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Վիրապ Ղազարյանը` մաղթելով նորաբաց Արարատին բարօրություն ու գործի հաջողություն: Ապա ռեստորանի առաջին հյուրերի համար կազմակերպվեց առաջին հյուրասիրությունը: Արարատ ռեստորանը մինչև 100 հյուր ընդունելու հնարավորություն ունի: Սեղանին միշտ լինելու է զուտ հայկական ճաշացանկ։ Ուտելիքի մեծ մասը (մսեղեն, պանրի տեսակներ) բերվում է Հայաստանից` հայկական համ ու հոտը հնարավորինս ապահովելու համար: Խոհարարները ևս Երևանից են, բարձր կարգի մասնագետներ:
Ինչ հայկական ռեստորան, առանց խորովածի, Արարատը խոստանում է նույնիսկ խեցգետնի քաբաբ.
«Արարատի այցեքարտը լինելու են խորովածները, քաբաբները, խեցգետին ենք ուզում մատուցել, մի քիչ դժվարությամբ բայց լինելու է: Նաև հայկական խաշ, մեկի մոտ ասացի, ասում է` խաշը խաշ է, հայկականը ո՞րն է: Մենք մեր ձևով ենք ներկայացնելու»,- ասում է Գևորգ Սուքիասյանն ու ավելացնում`, որ իրենց գործի հաջողության առաջին պայմանը որակը պահելն է և հայկական խոհանոցն անթերի ներկայացնելը: