Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իշխանությունների կողմից կոնկրետ ԶԼՄ-ի նկատմամբ ճնշում գործադրելու մասին տեղեկատվությունը «աբսուրդ» է որակել:
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստի ընթացքում վարչապետն ասել է, թե իշխանության կողմից ԶԼՄ-ների նկատմամբ ճնշում գործադրելը բացառված է այնպես, ինչպես բացառված է, որ սեփական բիզնեսը որեւէ մեկն օգտագործի կառավարությանը սպառնալու նպատակով:
«Պարտադիր ցանկանում եմ արձագանքել ԶԼՄ-ներին վերաբերող անառողջ իրարանցմանը: Մեր կառավարության պայմաններում նման մեղադրանքները լիովին «աբսուրդ» են: Բացառված է, որ մեր իշխանության պայմաններում նման բան տեղի ունենա: Նախորդ ամբողջ երեկոն տրամադրվել է այս խոսակցություններին: Ազատ մամուլ կոչվող ձեռքբերումն անհնար է ճնշվի մեր իշխանության կողմից»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Նշենք, որ նախորդ օրը «Իբերիա» հեռուստաալիքն իշխանությանը մեղադրել էր իրենց վրա ճնշումներ գործադրելու մեջ: Լրատվամիջոցի ղեկավարը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Օմեգա գրուպի» 100 մլն դոլար կազմող վնասը հեռուստաընկերության աշխատանքի համար լուրջ խնդիր է հանդիսանում, քանզի այս կազմակերպությունը հեռուստաընկերության հիմնական ֆինանսավորողն է: