«Միացյալ ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին Լիլոձի բնակավայրի հարակից տարածքում գտնվող անվճար բարեգործական ճաշարան է այցելել: Զաալ Ուդումաշվիլին ճաշարանի պայմաններին է ծանոթացել, զրուցել հաստատությունից օգտվող սոցիալապես անապահով քաղաքացիների հետ։
Զաալ Ուդումաշվիլին վստահեցրել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում նա պատրաստվում է անվճար ճաշարանների ֆինանսավորումն ավելացնել մինչեւ 50 մլն լարի:
«Ուզում եմ հայտարարել, որ հոկտեմբերից զգալիորեն կփոխվի անվճար ճաշարանների նկատմամբ վերաբերմունքը: 50 մլն-ն այն գումարն է, որն ամեն տարի Թբիլիսիի քաղաքապետարանը կծախսի այս մարդկանց կերակրելու համար: Մեր նպատակն անվճար ճաշարաններն ավելացնելը չէ, այլ այստեղ տրվող սննդի որակը լավացնելը: Վերջնական նպատակն է, որ հնարավորինս քիչ թբիլիսցի ունենա անվճար սնվելու կարիք»,- ասել է Ուդումաշվիլին:
Ուդումաշվիլին կոչ է արել Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Դավիթ Նարմանիային եւ քաղաքապետի՝ նույն կուսակցության թեկնածու Կախա Կալաձեին այցելել անվճար ճաշարաններ եւ «անձամբ փորձել 60 թեթրի արժողությամբ կերակուրը»: