Վրաստանի ընդդիմությունն արձագանքել է այն փաստին, որ Բորջոմիի եւ Աբասթումանիի հրդեհները չեզոքացնելու համար չեն օգտագործվել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անունով գրանցված «Մի-8» տիպի ուղղաթիռները:
Քաղաքական գործիչների հայտարարությամբ՝ իշխանության համար Բիձինա Իվանիշվիլիի անձնական գույքն ավելի կարեւոր է, քան պետական շահը:
«Մեր իշխանության համար ավելի կարեւոր են Բիձինա Իվանիշվիիի շահերը, նրա անվտանգությունը, նրա գույքը, քան պետության անվտանգությունը: Պետությունը կարող էր օգտագործել ունեցած ռեսուրսները եւ սա կամ չի արել, կամ էլ չի կարողացել անել: Միեւնույն ժամանակ, մեր պետությունն օգնություն է խնդրել այլ երկրից, որը նպաստել էր կրակի տարածմանը»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Օթար Կախիձեն՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում:
«Միացյալ ազգային շարժման» անդամներն էլ իշխանության գործելաոճն ազգային դավաճանություն են համարում։
«Ամենից առաջ Իվանիշվիլիի անձնական բարեկեցության մասին են մտածում: Այսպես են կառավարում երկիրը, սա շատ բազմանշական է: Ինչ վերաբերում է ռուսական կողմից օգնության խնդրելուն, սա նշանակում է Պուտինին ասել են՝ արի եւ կրակ վառի, մենք քեզ ենթարկվում ենք: Սա սարսափելի դավաճանություն է: Հատկանշական է, որ երկրի ամենահարուստ անձն ունի 14 ուղղաթիռ, մինչդեռ երկիրը հարեւաններից է օգնություն խնդրում»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Ռուռուան: