Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց ինչպես Թբիլիսիի տարբեր անկյուններում, այնպես էլ հայ համայնքում: Վիրահայոց թեմը հայ փոքրիկների համար ժամանցային ծրագիր էր մշակել՝ մեկ տարածքում հավաքելով տարբեր դպրոցներում սովորող աշակերտներին: Միջոցառումներ էին կազմակերպվել Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում։
Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում երեխաները կավիճներով խաղաղություն էին պատկերում։
Հատկանշական է, որ մանուկների տոնը վիրահայոց թեմը նշում է տարվա մեջ 2 անգամ. առաջինը Ծաղկազարդի տոնն է, երկրորդը՝ հենց հունիսի 1-ը, ասում է Սամվել քահանա Թորոսյանը.
«Հաճելի է, որ մանուկները լինում են եկեղեցում, նրանք այսօր առաջնորդի ձեռամբ օրհնություն ստացան: Մանուկները խաղաղություն նկարեցին եւ խնդրեցին Աստծուն, որ աշխարհում խաղաղություն լինի միշտ: Աստված մանուկներին միշտ ընդառաջ է գնացել, եկեղեցին էլ նրանց գրկաբաց է ընդունում»։
Իրենց փոքրիկների զվարճանքին հետեւում էին ծնողները, նրանց շարքում էր նաեւ Գայանե Բոստանջյանը.
«Այսօր բոլոր օրերից ամենաերջանիկ, ամենաուրախ ու անհոգ օրն է… Այստեղ կա երգ, պար, խաղ, նվերներ, ինձ թվում է` երեխաներին բացի այս ուրախությունից, այլեւս ոչ մի բան պետք չէ»։
Երեխաներն ուրախ էին ու գոհ, չէ՞ որ նրանց զվարճացնում էին Թբիլիսիի Պ. Ադամյանի հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Արամ Հարությունյանն այսօր սարդ մարդն էր.
«Երեխաներն իրոք երջանիկ են, մենք ամեն ինչ ենք անում դրա համար: Մենք ուրախանում, երգում ու պարում ենք նրանց հետ»։
Տոնական օրն ամփոփվեց մրցանակաբաշխությամբ. Լավագույն պատկեր, լավագույն պար եւ երգ անվանակարգերում հաղթեցին տարբեր դպրոցների աշակերտները: Վիրահայոց թեմի առաջնորդը երեխաներին նվիրեց մանկական աստվածաշունչ եւ քաղցրավենիքներ: