
Թմրանյութերի ապաքրեականացում, թմրանյութերի վերաբերյալ ռեպրեսիվ քաղաքականության ազատականացում, բուժման հնարավորություն և այլն: Նման պահանջներ են հնչում հասարակական որոշ կազմակերպությունների և քաղաքական որոշ կուսակցությունների կողմից արդեն մի քանի տարի, սակայն վերջին շրջանում թեման ավելի է ակտիվացել` հասնելով մինչև համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հայտարարությանը: Թեմայի վերաբերյալ քննարկում են անցկացրել նաև մի շարք մտավորականներ: Իսկ նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանի սահմանադրական դատարանը բավարարեց մարիխուանայի ապաքրեականացմանը վերաբերող բողոքը: Որոշման համաձայն` մարիխուանայի օգտագործման համար քաղաքացիները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, փոխարենը կլինի վարչական պատիժ` տուգանքի տեսքով:

«Դրա հետ մեկտեղ պետք է ստեղծվեն վերականգնողական կենտրոններ, դպրոցական հասակից պետք է բարձրացնել աշակերտների իրազեկվածության մակարդակը և այլ միջոցառումներ իրականացնել»,- ասել էր պատրիարքը:
Իշխանության ներկայացուցիչներն այդ ժամանակ շտապեցին հայտարարել, թե «պատրիարքի հայտարարությունը համընկնում է իրենց ծրագրերի հետ»:

Անկախությունից ի վեր Վրաստանում «թմրանյութային քաղաքականությունը» մի քանի անգամ փոխվել է: 2002 թվականին կախվածությունը ճանաչեցին որպես հիվանդություն, սակայն վարչական և քրեական օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ չարվեցին: Ստացվում էր այնպես, որ թմրանյութերից կախվածություն ունեցող անձինք միաժամանակ և՛ հիվանդ էին և՛ հանցագործ:

Հետխորհրդային շրջանում Վրաստանը ամենախիստ «թմրանյութային քաղաքականությունն» ուներ: Նույնիսկ փոքր քանակի թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար 500 լարի տուգանք էր սահմանված, իսկ մեկ տարում նույն գործողությունը կատարելու համար` կա՛մ 2 հազար լարի, կա՛մ էլ ազատազրկում:
2007 թվականից խստացված քաղաքականության արդյունքներն ամփոփվեցին 2011 թվականին: Գլխավոր դատախազության տեղեկատվությամբ՝ 4 տարվա ընթացքում թմրանյութային հանցագործությունների թիվը նվազել էր 53 տոկոսով` 8 493-ից հասնելով 3 984 դեպքի: Այն տարիների գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան 2011 թվականին հայտարարել է, որ նվազել է ինչպես թմրանյութային հանցագործությունների համար ազատազրկված երիտասարդ անձանց թվաքանակը, այնպես էլ «սև շուկայում» ուժեղ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:
«Ալտերնետիվա Ջորջիա» հասարակական կազմակերպության 2013 թվականի տվյալներով, ամեն տարի Վրաստանում թմրանյութային իրավախախտումների համար քրեակատարողական հիմնարկներում են հայտվնում մոտ 1500 մարդ, իսկ այս քաղաքականության իրականացման իրավական գործընթացների համար տարեկան ծախսվում է 18 միլիոն լարի:
Թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պատրաստման, արտադրման և պահպանման համար դատապարտվածների թվաքանակը գագաթնակետին է հասել 2013 թվականին` 2660 անձ, մինչդեռ 2012 թվականին այն կազմել է 1100, իսկ 2011 թվականին` 1849: Նույն իրավիճակն է նաև փոքր քանակի թմրանյութեր ապօրինաբար ձեռք բերելու, պահելու և օգտագործելու տեսանկյունից: Ամենից շատ նշված իրավախախտման համար (ինչը ենթադրում է 500 լարի տուգանք) տուգանվել են 2013 թվականին (13 հազար 572 անձ, որոնց տուգանքն ընդհանուր առմամբ կազմել է 6 միլիոն 786 հազար լարի):

