Օգոստոսի 14-ին լրացավ վրաց-աբխազական պատերազմի 24-րդ տարին: 1992 թվականի օգոստոսի 14-ից սկսված զինված հակամարտությունն ավարտվեց 1993 թվականի սեպտեմբերի 27-ին, աբխազական կողմից` Սուխումիի, ապա սեպտեմբերի 28-30-ին նաև Օչամչիրեի և Գալիի շրջանների նկատմամբ վերահսկողություն սահմանելով: Պատերազմի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, իսկ Աբխազիան փաստացի անջատվեց Վրաստանից: Արդյոք հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, մինչ օրս այս հարցի շուրջ հնչում են տարբեր կարծիքներ:
Աբխազների և վրացիների միջև զինված առաջին ընդհարումը տեղի է ունեցել 1989 թվականի հուլիսին: Դեռեւս ԽՍՀՄ այս շրջանի բախման արդյունքում 16 մարդ զոհվեց, այդ թվում «Իլիա Ճավճավաձեի հասարակություն» շարժման ղեկավարներից՝Վովա Վեկուան: Այնուհետև ժամանակավոր դադար եղավ, ինչը, սակայն, երկար չտևեց եւ 1992 թվականի օգոստոսին Աբխազիայում լայնամասշտաբ պատերազմ սկսվեց: Ի թիվս այլ հանգամանքների, պատերազմի պատճառներից էր այն, որ Վրաստանի այն ժամանակվա կառավարությունը ցանկանում էր ոստիկանության օգնությամբ պաշտպանել Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին և վերահսկողություն սահմանել սեփական տարածքների վրա:
Վրաստանի համար նաև շատ ծանր էին հակամարտության հումանիտար հետևանքները: Նախքան պատերազմը՝ համաձայն 1992 թվականի մարդահամարի տվյալների, Աբխազիայի ինքնավար հանրապետությունում ապրում էր 535 հազար մարդ: Պատերազմից հետո` 1997 թվականին, այս տարածքի բնակչությունը մի քանի անգամ նվազեց` հասնելով 145.989-ի, կամ գրեթե 73%-ով: Հակամարտության հետևանքով Աբխազիայի ազգությամբ վրացիների թվաքանակը 245.872-ից (1992 թվական) հասավ 43.442-ի, կամ նվազեց 82 տոկոսով (1997թվական):
Այս փաստը վրացական կողմի համար միջազգային հանրությունից Աբխազիայում վրացիների էթնիկ զտումների ճանաչման պահանջի հիմք է հանդիսացել, ինչը ներկայացվել է ԵԱՀԿ-ի գագաթաժողովներին Բուդապեշտում (1994 թվականի դեկտեմբերի 6-ին), Լիսաբոնում (1996 թվականի դեկտեմբերի 3-ին) և Ստամբուլում (1999 թվականի նոյեմբերի 17-18): Բացի վրացիներից մարտական գործողությունների ժամանակ Աբխազիայի տարածքը լքել են նաև այլ էթնիկ խմբեր՝ ռուսները, ուկրաինացիները, հայերը, էստոնացիները և աբխազները:
«Civil.ge»-ն` ներկայացնելով հակամարտության ակունքների վրացական տեսակետը գրում է․ «1917 թվականի նոյեմբերի 7-8-ին Սուխումիի շրջանում անցկացվեց «Աբխազ ժողովրդի համաժողով», որը ընտրեց «Աբխազների Ժողովրդական խորհուրդը» և հայտարարեց Կովկասի լեռնային միության մեջ անդամակցելու վերաբերյալ: 1918 թվականից, բոլշևիկների խրախուսմամբ, Աբխազիայում ակտիվացան երկիրը «Բուրժուազիական Վրաստանից» հեռացնելու կոչով քարոզները: Զուգահեռաբար կազմվեցին զինված «ժողովրդական-հեղափոխական» խմբեր, որոնք 1918 թվականի ձմռանը և ամռանը, Ռուսաստանից ներխուժած բոլշևիկների աջակցությամբ, Վրաստանի դեմոկրատական հանրապետության կառավարության դեմ դուրս եկան զինված պայքարի»:
1921 թվականի փետրվարին, Վրաստանի խորհրդայնացումից հետո, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի Կովկասի բյուրոյի որոշմամբ, Աբխազիան ժամանակավորապես հայտարարել են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Սակայն հետաքրքիրն այն է, որ նույն ժամանակահատվածում ընդունված փաստաթղթերում Աբխազիան հիշատակվում է կամ որպես ինքնավար երկիր, կամ` Վրաստանում «հատուկ միասնական պայմանագրի» հիման վրա ստեղծված քաղաքական միավոր: 1957, 1964, 1967 և 1978 թվականներին աբխազները Մոսկվա են ուղարկել մի քանի դիմում, Աբխազիայի սոցիալիստական ինքնավար հանրապետության Վրաստանի կազմից դուրս բերելու և Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու վերաբերյալ:
Արդեն 1990 թվականի հոկտեմբերի 28-ին Վրաստանում անցկացվեցին բազմակուսակցական ընտրություններ, որտեղ հաղթեց աջակողմյան «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» դաշինքը: 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի Գերագույն խորհուրդը հրապարակեց «Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտը», ապա նույն թվականի մայիսի 26-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթեց Զվիադ Գամսախուրդիան: Զուգահեռաբար, 1990 թվականի դեկտեմբերի 4-ին, Աբխազիայի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի ղեկավար ընտրվեց «Սոյուզ» բլոկի առաջնորդ Վլադիսլավ Արձինբան, ով հայտնի էր իր հակավրացական տրամադրվածությամբ: 1991 թվականի նոյեմբերի 1-ին Սուխումիում անցկացվեց «Կովկասի լեռնային ժողովրդի 3-րդ համագումարը» և ստեղծվեց Ազգային պետական միասնություն, «Կովկասի լեռնային ժողովրդի համադաշնությունը», որի կենտրոն ընտրվեց Սուխումին: 1992 թվականի հուլիսի 23-ին Աբխազիայի Գերագույն խորհուրդը չեղյալ հայտարարեց գործող սահմանադրությունը և վերականգնեց 1925 թվականի սահմանադրությունը, որը աբխազների պնդմամբ թույլ էր տալիս Աբխազիային անջատվել Վրաստանից:
Շուրջ մեկ տարի տևած վրաց-աբխազական պատերազմի պատճառ դարձավ 1992 թվականի օգոստոսի 14-ի Վրաստանի պետական խորհրդի որոշմամբ Աբխազիայում ենթակառուցվածքների անվտանգություն ապահովելու նպատակով ներքին զորքերի մուտքը և այս հատվածներում աբխազների կողմից իրականացված զինված հարձակումները, ինչին վերջնականապես հետևեց Աբխազիայում պատերազմի սկիզբը:
Զինված հակամարտության ընթացքում աբխազների կողմից ակտիվորեն մասնակցում էին Ռուսաստանի զինված ուժերը և այսպես կոչված Հյուսիսային Կովկասի կամավորները: 1993 թվականի նոյեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է որպես հակամարտության կողմ և մեղադրվում Աբխազիայում էթնիկ զտումներին նպաստելու մեջ: Դիմումում, որը ուղարկվել է ՄԱԿ-ին, Ռուսաստանի գործողությունները գնահատվում են որպես ագրեսիա, որը` ըստ վրացական կողմի, ուներ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խափանման նպատակ: Այսուհանդերձ, Մոսկվան կարողացավ հասնել նրան, որ Ռուսաստանը ճանաչվի եւ դիտարկվի որպես հակամարտության միջնորդ: 1994 թվականի մայիսի 14-ին, Մոսկվայում Վրաստանի ներկայացուցիչների և աբխազների միջև կազմվեց համաձայնագիր կրակի դադարեցման և ուժերի բաժանման վերաբերյալ, ինչի շնորհիվ Ռուսաստանի զինված ուժերին հակամարտության գոտում տրվեց խաղաղապահի կարգավիճակ: