«Երբ դերերն ու գործառույթները խառնվում են, սխալները բացառված չեն»,-նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվեաշվիլին՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Արչևանի» (ընտրություն) հաղորդման եթերում անդրադառնալով «ցիանիդի գործով» հնչող տարաբնույթ հայտարարություններին:
Երկրի ղեկավարի խոսքով, վերջին օրերին քաղաքական գործիչները դատախազի դեր են ստանձնել, դատախազները՝ քաղաքական գործիչների:
«Պարզ չէր, թե ով է լիազորված խոսել հիշյալ հարցի շուրջ: Մինչ դատախազությունը հայտարարություն կաներ, քաղաքական որոշ գործիչներ շտապեցին գնահատականներ տալ ու եզրակացություններ անել։ Սակայն կանոններ գոյություն ունեն, որոնք համակարգը նորմալ աշխատելու համար են ստեղծվել: Երբ դու քաղաքական գործիչ ես, դու դատախազ չես․ Հնարավոր է շատ ես ուզում դատախազ լինել, սակայն դա այդպես չէ և պետք է բավարարվես քաղաքական հայտարարություններով, իսկ երբ դու դատախազ ես, պետք է անես միայն դատախազի գործառույթի մեջ մտնող հայտարարություններ»,-ասել է նախագահը։
Մարգվելաշվիլին նշել է, որ իրավիճակը անսահմանափակ տեսք է ընդունել․ Որոշ մարդիկ հայտարարություններ են անում՝ ամենևին չգիտակցելով՝ արդյոք դա իրենց լիազորությունն է։
«Բնական է, որ յուրաքանչյուր նման հայտարարություն բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Այս գործը միայն երկու կողմ ունի՝ մեղադրյալ ու պաշտպանյալ: Բոլոր մեր կարծիքներն ու զգացմունքները առանձին թեմա են»,- ասել է նախագահը՝ հրաժարվելով մեկնաբանել, թե կոնկրետ ովքեր և ինչ սխալներ են թույլ տվել։
Նա ասել է, որ դա չէ այսօր կարևորը․ «Ես կուզենայի, որ բոլորն իրենց դերերին վերադառնան, լինեն այն դերում, որի համար վարձատրվում են: Դատախազին վարձատրում են հետաքննություն իրականացնելու համար, քաղաքական գործչին՝ քաղաքական հայտարարություններ անելու»,-պարզաբանել է Մարգվելաշվիլին: