Գերմանիայի դաշնային խորհրդարանի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման առիթով հունիսի 2-ին Վրաստանում Գերմանիայի դեսպանատան առջեւ կազմակերպվեց շնորհակալական ակցիա:
Մասնակցեցին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի ու Վրաստանի հայ համայնք կազմակերպության ներկայացուցիչները: «Հայարտուն» կենտրոնի երիտասարդական բաժնի համակարգող Նինա Սերոպովան հույս է հայտնել, որ Գերմանիային կմիանան մնացած երկրները եւս. «Այսօր Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Կազմակերպել ենք ֆլեշմոբ, որպեսզի արտահայտենք մեր շնորհակալությունը: Մենք հիշում ենք այն ինչ տեղի է ունեցել անցյալ դարում եւ այսօր արդարությունը վերականգնվեց»:
Ակցիայի մասնակիցները դեսպանատան առջեւ ներկայացան շնորհակալական պաստառներով, ինչպես նաեւ Գերմանիայի, Հայաստանի ու Վրաստանի դրոշներով: «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբակը կատարեց «Դլեյամանը», այնուհետեւ խոսքով հանդես եկան կազմակերպությունների ներկայացուցիչները: «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության լրատվական բաժնի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանի կարծիքով` այս քայլը հույս է տալիս, որ Վրաստանը կընդօրինակի Գերմանիային եւ կճանաչի հայոց ցեղասպանությունը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանն ասում է. «Սա հստակ ուղերձ էր, որին պետք է միանա նաեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը` դատապարտելով հայոց ցեղասպանությունը»:
Ակցիայի ընթացքում մասնակիցները նաեւ երգեցին հայկական ազգագրական երգեր եւ գերմաներենով շնորհակալություն հայտնեցին Գերմիանիային: Հիշեցնենք, որ հայոց ցեղասպանությունը դատապարտվել ու ճանաչվել է ավելի քան քսան երկրների կողմից: