Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կազմակերպած ակցիային է միացել եվրախորհրդարանի պատգամավոր Իարոմիր Շտետինան՝ Չեխիայից: Վերջինս «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ եկել է ի աջակցություն Միխեիլ Սաակաշվիլիի:
Շտետինան նշել է, որ Սաակաշվիլիին վաղուց է ճանաչում և համարում է իր ընկերը։
«Իմ կարծիքով Սաակաշվիլին այստեղ գլխավոր դեր չի խաղում: Գլխավոր դերն այն է, որ ժողովուրդն անհանգստացած է երկրում առկա իրավիճակով: Սաակաշվիլին ցույց է տվել, որ հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ: Նա կարողացել է դա անել Վրաստանում: 3 տարի առաջ մի քանի անգամ եղել եմ Մայդանում և այսօրվա իրավիճակը կարող եմ համեմատել դրա հետ, թեև ավելի քիչ մարդ է հավաքված»,-ասել է Շտետինան:
Պատգամավորը հայտնել է, որ դիտել է Սաակաշվիլիի ձերբակալման փորձի տեսանյութը և կարծում է, որ կայացրած որոշումը իրականությանը չի համապատասխանում:
«Կարծում եմ, Սաակաշվիլին արդեն մտել է պատմության մեջ և եթե դա կարողանա անել երկրորդ անգամ, հիանալի կլինի»,- հավելել է եվրախորհրդարանականը: