Թբիլիսիի մատույցներում գտնվող, շատերի համար իր ավտոշուկայով, իսկ ԽՍՀՄ շրջանում մետաղամշակման հսկա գործարանով հայտնի Ռուսթավի քաղաքի հայերին այսուհետ կմիավորի Գրիգոր Նարեկացի մշակութային-դաստիարակչական կենտրոնը: Ռուսթավիի շուրջ 3000-անոց հայ համայնքը երբեք չի ունեցել եկեղեցի, դպրոց` հայկական հաստատություններ այստեղ մինչ այս չէին գործում:
Մայիսի 13-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցեց նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նոր հայկական օջախում կլինի խաչքար, որի մոտ կմատուցվեն կիրակնօրյա պատարագները, հայոց լեզվի կիրակնօրյա դպրոց, ինչպես նաեւ երգի եւ պարի խմբակներ: Կենտրոնը կհամակարգի Ռուսթավիի հոգեւոր հովիվ` Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը.
«Այս կենտրոնում Ռուսթավիի հայերը կկարողանան իրենց լիարժեք հայ զգալ: Ոգեւորությունը մեծ է, հուսանք այս ոգեւորությունը կշարունակվի, մինչեւ վերջին ռուսթավցի հայը կխոսի, կգրի ու կերգի հայերեն: Եթե հնարավորությունը ների` գուցե այստեղ նաեւ մանկապարտեզ ունենանք, ամառային ճամբար կազմակերպենք, ծրագրերը շատ են», — «Ալիք»-ի հետ զրույցում ասաց նա:
Կենտրոնում ակտիվիստ լինելու ցանկություն համայնքում շատերն ունեն, բացման օրվան սպասում էին, պատրաստվում, փոքրիկներն անգամ հայերեն բանաստեղծություններ էին սովորել: Ասում են` հայերեն տանն ենք խոսում, գրել-կարդալ, սակայն, քչերը գիտեն: Ոմանք հայերեն են սովորել տարիներ առաջ քաղաքում գործող կիրակնօրյա դպրոցի միջոցով:
«Նման կենտրոնի կարիքը շատ էի զգում, որպեսզի կարողանայի զգալ ինչպես տանը», -ասում է կենտրոնի երիտասարդ ակտիվիստ Քրիստինա Թիաբյանը:
Լուսինե Դավթյանը Հայաստանից է, ամուսնացել է Ռուսթավիում, իր երկու երեխաներին գրանցել է կենտրոնում, ասում է` միշտ ցանկացել են ունենալ հայկական եկեղեցի, պահպանել հայկական ավանդույթներն ու մշակույթը այլ երկրներում:
Նորաբաց կենտրոնի ակտիվիստները ոգեւորված էին նաեւ Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնից ժամանած մենակատարների, ինչպես նաեւ պարի խմբակի կատարումներով: Տեր Նարեկը հավաստիացնում է, որ մի քանի ամսից տեսանելի կլինեն նաեւ Գրիգոր Նարեկացի խմբակի աշխատանքի արդյունքները:
Հիշեցնենք, հայկական մշակութային կենտրոններ գործում են նաեւ Աջարիայում՝Բաթումիում, Սամցխե Ջավախքում, ինչպես նաեւ մայրաքաղաք Թբիլիսիում: