
«Թոփաձե-արդյունաբերողներ, մեր հայրենիք» կուսակցության հետ մեկտեղ, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չի գրանցվել նաեւ «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը»: ԿԸՀ-ի ղեկավարի համապատասխան հրամանը ԿԸՀ-ի կայքում է հրապարակվել: Դրա համաձայն, կուսակցությունը խախտել է Վրաստանի Ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ կետը, ըստ որի կուսակցության ընտրացուցակը ԿԸՀ-ի ղեկավարին պետք է ներկայացվի կուսակցության կամ ընտրական դաշինքի գրանցումից հետո, մինչեւ սեպտեմբերի 8-ը:
Կուսակցական ցուցակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաեւ Վրաստանի խորհրդարանի անդամների յուրաքանչյուր թեկնածուի կողմից լրացված եւ ստորագրված քարտ, Վրաստանի քաղաքացու ինքնությունը հաստատող փաստաթղթի, կամ՝ քաղաքացու անձնագրի ֆոտոպատճենը եւ լուսանկարը: ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիայի հրամանի համաձայն, «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը» չի ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակը, ինչի պատճառով էլ իրավունք չի ունենա մասնակցել 2016թ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին: