Այսօր՝ փետրվարի 3-ին, լրանում է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան 12-րդ տարելիցը, ինչի առիթով հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
«Այսօր մեր դարի ականավոր քաղաքական և պետական գործչի, իմ ընկերոջ Զուրաբ Ժվանիայի մահվան օրն է: «Ես վրացի եմ, այսինքն՝ եվրոպացի․․․»,- նրա թևավոր դարձած խոսքերը լավագույնս են բնութագրում վրաց ժողովրդի քաղաքական ուղղվածությունը, որը անկախության ձեռք բերումից հետո, Զուրաբի շնորհիվ նոր շունչ ստացավ: Եվրոպական Վրաստանի կառուցման գործում նրա դերը բացառիկ է ու անգնահատելի»,-հայտարարության մեջ ասել է նախագահ Մարգվելաշվիլին՝ նշելով, որ Զուրաբն անչափ ուրախ կլիներ Եվրախորհրդարանի երեկվա ընդունած որոշման (Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանման ) համար։
Վրաստանի նախագահը վստահեցրել է, որ «կարճատև կյանքի ընթացքում նրա կատարած մեծ գործերը դեռ շատ ու շատ սերունդների են ոգեշնչելու»:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան, Վրաստանի նախկին իշխանությունների վարկածով, 2005 թվականի փետրվարին մահացել է գազի թունավորումից։ Երկրի ամենազդեցիկ գործիչներից, Վարդերի հեղափոխության ընթացքում Միխեիլ Սահակաշվիլիի զինակցի մահը Վրաստանի նորագույն պատմության առավել հակասական դրվագներից է։ Ժվանիայի ընտանիքի անդամները համաձայն չեն մահվան եզրակացության հետ: Հանգուցյալ վարչապետի եղբայրը` Գիորգի Ժվանիան, բազմիցս է հայտարարել նախկին իշխանությունների` մասնավորապես նախագահ Միխեիլ Սահահակաշվիլիի` վերջինի մահվան մեջ հնարավոր մասնակցության մասին։