«Ես խղճում եմ նրա մորը»․ կրակ բացելուց հետո ասել է օրվա հերթապահը

 

Կրծանիսիում տեղակայված ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի մոտ զինված քաղաքացու սպանությունը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, անհայտ անձինք փորձել են ներխուժել ՆԱՏՕ-ի ուսումնավարժական համալիրի տարածք, որտեղ զինծառայողի բացած  կրակից  սպանվել է նրանցից  մեկը՝ Գիգա Շենգելիան։

Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հաստատել է, որ սպանվածի եղբայրը մինչև  2016 թվականի սեպտեմբերի 15-ը զինվորական ծառայություն է անցել հենց հիշյալ բազայում: Նախարարը «Իմեդի» հեռուստաընկերության  հետ զրույցում ասել է, որ դեռ շատ հարցեր կան, որոնք կպարզվեն եղբոր  հետ հանդիպումից հետո։ «Վերջինիս գտնվելու վայրը  անհայտ է»,-ասել է նախարարը:

Իզորիայի խոսքով, Կրծանիսիի պատահարը անհանգստացնում է բոլորին, առաջին հերթին հենց կրակ բացած հերթապահին: Կրակելուց հետո զինվորն  ասել է հետևյալ խոսքերը. «Ես խղճում եմ նրա մորը»:

«Ամբողջ գիշերվա աընթացքում նա  հոգեբանի օգնության կարիք է զգացել»,-ասել է նախարարը:

Սպանված Գիգա Շենգելիայի  հայրը իրավապահ մարմինների կողմից իրականացվող հետաքննությանը չի վստահում։ Նա հայտնել է, որ դիմելու է ոչ կառավարական կազմակերպություններին՝ անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով:

Հիշեցնենք՝ գործը  Գլխավոր դատախազության վերհսկողությամբ իրականացնում է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտը: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 116-րդ հոդվածի առաջին մասով:

 

Թողնել պատասխան