Եվրամիություն առաջատար երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկել Սիրիայի իշխանության և նրանց համախոհների, այդ թվում նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բոլոր հնարավոր տարբերակները՝ եթե Հալեպում արյունահեղությունը չդադարեցվի:
ԵՄ-ը կոչ է անում վերջ տալ արյունահեղությանը և անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: «Եվրամիությունը կդիտարկի Մոսկվայի վրա ազդելու տարբեր ճանապարհներ»,-հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Եվրամիության Բրյուսելյան գագաթնաժողովի առաջին օրվա արդյուքնների մասին խոսելիս:
Գրեթե նույն հայտարարությունն է արել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Եթե շարունակվի խախտվել մարդու իրավունքները, մենք բոլոր հնարավոր միջոցներով պետք է արձագանքենք` չբացառելով օրենքով թույլատրելի մեթոդներից և ոչ մեկը»: Այս դիրքորոշումն ունի նաև Ֆրանսիան. «Եթե նոր գազանություններ լինեն, նոր պայթյուններ, մենք ստիպված ենք լինելու պատժամիջոցների կիրառման գնալ՝ առաջին հերթին Սիրիայի իշխանության կոնկրետ ներկայացուցիչների նկատմամբ»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գագաթնաժողովի մեկնարկին մեղադրել է ռուսական զինուժին՝ Հալեպում նողկալի վայրենությունների համար:
Մի շարք երկրներ, առաջին հերթին Իտալիան դեմ են արտահայտվել պատժամիջոցների կիրառմանը: Ըստ Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի՝ եթե ԵՄ-ն ուզում է խոսել Ռուսաստանի հետ, ապա պետք է դուռը բաց թողնել: Նրա խոսքով՝ Սիրիայի ծանր դրությունը չի կարելի կարգավորել՝ Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների շնորհիվ:
Ռուսաստանն իր հերթին հերքում է խաղաղ բնակչությանը գնդակոծելու մասին մեղադրանքները: Սեպտեմբերի վերջին, BBC-ին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել էր, թե Ռուսաստանը Սիրիայում օգտագործում է միջազգային պայմանավորվածությամբ արգելված զինամթերք: