Այսօր` մարտի 28-ին, առանց մուտքի արտոնագրի անհրաժեշտության Եվրոպա է մեկնել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Վարչապետը մի խումբ ուսանողների, գիտնականնների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև կառավարության անդամների հետ այցելել է Հունաստանի մայրաքաղաք Աթենք:
«Այսօր պատմական օր է: Վրաստանի քաղաքացիները այսուհետ առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Շենգենյան գոտու երկրներ: Սա շատ կարևոր ձեռքբերում է` Վրաստանի քաղաքացիների համար Եվրոպային ծանոթանալու լավ հնարավորություն»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Կվիրիկաշվիլիի պատվիրակության կազմում է փոխվարչապետ, Կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, Խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամար Խուլորդավան, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սոփիո Քացարավան, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գիա Շարվաշիձեն, հունական ժամանակակից հետազոտությունների ինստիտուտի դասական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Իրինա Դարչիան, Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն, հնագետ` Դավիթ Լորթքիփանիձեն, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լևան Գիգինեիշվիլին, գրող Զուրաբ Քարումաձեն, ուսանողներ, Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և այլոք: