ԵԽ-ի պատգամավորների խումբը նամակով դիմել է Կվիրիկաշվիլիին

Եվրախորհրդարանի պատգամավորները Վրաստանի իշխանություններին կոչ են անում զերծ մնալ դատական համակարգն օգտագործելուց: Եվրախորհրդարանի կազմում ներգրավված հիմնական խմբերի ներկայացուցիչները Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին դիմել են նամակով, որում իրենց վրդովմունքն են արտահայտում «Ռուսթավի 2»-ի վրա գործադրվող ճնշման կապակցությամբ: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

«Հեռուստաալիքի սեփականատերերի եւ դրա խմբագրական քաղաքականության փոփոխումը, ինչը «Ռուսթավի 2»-ի վերաբերմունքն իշխանության նկատմամբ կվերածի բարիդրացիականի, լրջորեն կվնասի Վրաստանում ժողովրդավարության որակին եւ ազատ մամուլին: Սա կվերացնի Վրաստանի հնարավորությունն՝ իրականացնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտականությունները: Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը զերծ մնալ քաղաքական արդյունքի հասնելու համար դատական համակարգն օգտագործելուց»,- ասված է նամակում:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին եւ բարձագույն ներկայացուցիչներին` կոչ անելով քննադատորեն գնահատել Վրաստանի իշխանության գործողությունները եւ պահանջել Եվրամիության առջեւ ստանձնած պարտականությունների իրականացում:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 3-ին կասեցրել էր  Վրաստանի գերագույն դատարանի կողմից մարտի 2-ին ընդունված վճիռը, ըստ որի՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը պետք է փոխանցվեր նախկին տիրոջը։

 

Թողնել պատասխան