«Եթե Միխեիլ Սաակաշվիլին իր կամքով հայտնվեց, ավելի լավ կլինի»,- պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Վրաստանը սպասում է, որ Ուկրաինան կարտահանձնի Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հայտարարել է բռնազավթած տարածքներից տեղահանված անձանց, փախստականների և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին:
Վերջինիս խոսքով, բոլոր հանցագործները վաղ թե ուշ պատասխան են տալիս:
«4 քրեական գործ է հարուցված և 4-ի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում: Շատ լավ է, երբ հետախուզության մեջ գտնվող անձը, ում վերաբերյալ դատարանում գործընթաց կա, ներկա լինի նիստերին: Սա լավ է նաև իր պաշտպանության, հետաքննության համար և բոլոր հարցերին պատասխան կտրվի: Այնպես որ, եթե իր կամքով հայտնվի, ավելի լավ կլինի: Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա, իհարկե, երբ մարդու վրա գործ է հարուցված և նա հետախուզման մեջ է, դա հասարակ գործընթաց է և արտասովոր ոչինչ չկա»,- հայտարարել է Սուբարին:
Հիշեցնենք, որ Վրաստանը դիմել է Ուկրաինային՝ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու խնդրանքով: