Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով` Վրաստանի վարչապետի հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի քննադատությանը: Մասնավորապես Աբաշիձեն անդրադարձել է “Коммерсант” թերթում հրապարակված Կարասինի հայտարարությանը առ այն, թե Վրաստանը կեղծ սպասելիքներ ունի Պրահայում պարբերաբար տեղի ունեցող միակ բանակցային ձևաչափից:
«Թբիլիսիում սիրում են ասել, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ նրանք առաջին հերթին հույս են ունեցել, որ Ռուսաստանը կհրաժարվի Աբխազիայի և Հաւրավային Օսիայի անկախության ճանաչումից: Հիմա էլ ասում են, թե խաբվել են իրենց սպասելիքներում: Սա ակնհայտ խորամանկություն է»,- հայտարարել է Կարասինը:
Անդրադառնալով Կարասինի հայտարարությանը՝ Աբաշիձեն նշել է.
«Եթե ինչ-որ մեկը խորամանկություն է անում, ապա դա Ռուսաստանն է: Մոսկվայում լավ գիտեն, որ հակամարտությունը 2008 թվականին չի սկսվել: Նրանք քաջ գիտակցում են նաև, թե` ով, և ինչպես է նպաստել հակամարտության էսկալացիային: Այս հարցում մենք ունենք միջազգային հանրության ակնհայտ աջակցությունը»:
Աբաշիձեի խոսքերով, վրացական կողմը միշտ և հստակ ասել է, որ չի հաշտվի իր շրջանների օկուպացիայի հետ.
«Վրաստանը միշտ պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, սակայն երբեք չի հաշտվի տարածքային ամբողջականության խախտման հետ»,- ասել է Աբաշիձեն: