Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ չի կարող հստակ ասել, թե քանի զոհ ունի հայկական կողմը. «Զոհեր երկու կողմից էլ կան, ուղղակի մարտական գործողությունները դեռ այս պահին շարունակվում են, այսինքն՝ մինչև մարտական գործողությունները չավարտվեն, լիարժեք տեղեկատվություն տալ զոհերի կամ վիրավորների թվի մասին, բնականաբար, չենք կարող»:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը lragir.am-ին տեղեկացրել է, որ Չինարի գյուղից հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր եւ մեկ սպա: Ըստ նախնական տեղեկությունների, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:
Մեջբերում ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից.
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: