Դիլիջանի համայնքային կենտրոնի մուտքի մոտ պատից կախված Թբիլիսին պատկերող նկարը երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշն է դարձել։
«Այս նկարը մեզ նվիրել է Թբիլիսիում գործող «Հայարտուն» կենտրոնը: Մեր սաները եղել են «Հայարտանը», այնտեղ ունեցել ենք համատեղ համերգ, ինչից հետո նրանք նույնպես հյուրընկալվեցին մեր կենտրոնում, ծանոթացան մեր աշխատանքների ընթացքին»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանի հետ համագործակցության մասին պատմելիս նշում է կենտրոնի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանն ու հույս հայտնում, որ համագործակցությունը շարունակական է լինելու։
Դիլիջանի համայնքային կենտրոնը 2015 թվականին վերակազմավորվել է 2014-ից գործող Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա՝ ընդլայնելով դրա ոլորտները: Այս պահին Դիլիջանի համայնքային կենտրոնը համախբում է այս քաղաքի բնակչությունը: Երեխաներն ակտիվորեն հաճախում են կենտրոնի տարբեր խմբակներ, մասնակցում են կրթական դասընթացների եւ միջոցառումների: Համայնքային կենտրոնի հիմնական նպատակն է հարթակի ստեղծման միջոցով ներդրում ունենալ միասնական համայնքի ստեղծման գործում, որտեղ բնակչության տարբեր խմբերը կկարողանան աջակցություն ստանալ փորձագետներից, օգտվել տարբեր ռեսուրսներից: Կենտրոնին կից գործում է նաեւ «Դիլի» ռադիոն եւ «Կորիզ» ամսաթերթը:
Առաջիկայում Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրինությունը ծրագրում է համագործակցել Վրաստանի հետ՝ ժամանակակից թատրոնի վերաբերյալ ֆորումներ կազմակերպելով: