Վրաստանի քաղաքացիները արդեն 3 տարի է ինչ հնարավորություն ունեն դիմելու եւ ընդունվելու պարագայում կրթություն ստանալու Դիլիջանի միջազգային դպրոցում (United World College Dilijan): Ամեն տարի վրաստանցի 7-8 աշակերտ ընդունվում է «UWC» ցանցի որեւէ դպրոց, ապա տեղափոխվում բնակվելու դպրոցի մասնաճյուղերից մեկում: 3 տարի առաջ, Վրաստանից ընտրված 4 ուսանողներից երկուսն արդեն ավարտել են ուսումը դպրոցի Դիլիջանի մասնաճյուղում, մյուսը՝ Գերմանիայում, 4-րդն էլ Ատլանտյան մասնաճյուղում: Այս պահին երկամյա քոլեջում կրթություն են ստանում Վրաստանի 16 քաղաքացիներ, որոնք սովորում են միջազգային քոլեջի 10 մասնաճյուղերում, որոնցից 6-ը` Դիլիջանում: Միջազգային այս դպրոցն ավարտելուց հետո, դրա շրջանավարտները հնարավորություն ունեն աշխարհի առաջատար ԲՈՒՀ-եր ընդունվելու:
«Դիլիջանի մասնաճյուղը բացվել է 2014 թ.-ին, մենք արդեն տվել ենք 95 շրջանավարտ աշխարհի 51 երկրներից: Նրանք 2 տարի ապրել են Հայաստանում, իմ կարծիքով սրանով սկսվում է երկրորդ սփյուռք, քանզի մենք պահպանում ենք շփումը, նրանք բոլորը տիրապետում են հայերենին: Սա համալսարան չի, եւ ոչ էլ դպրոց: Մեզ մոտ սովորում են դպրոցից հետո, մինչեւ համալսարան ընդունվելը: Մեր մասնաճյուղերի բոլոր ուսանողներին ընտրում է ազգային հանձնաժողովը»,- Հայարտուն կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացրեց քոլեջի ընդունող հանձնաժողովի նախագահ Ելենա Շերոզիան:
«Սա նրանց համար նոր տուն եւ ընտանիք ունենալու հնարավորություն է, որտեղ նույն ուսումնական քաղաքում բնակվում են եւ դասախոսները, եւ ուսանողները: Մենք փորձում ենք ստեղծել միասնական մթնոլորտ, մեկ սենյակում միավորելով տարբեր ազգությամբ եւ տարբեր երկրներից ժամանած ուսանողների»,- ասում է Շերոզիան:
Հանդիպմանը դպրւցի պայմանները եւ առաջարկած ծրագրերը ներկայացրեց քոլեջի տնօրեն Դենիս Դեվիդսոնը. «Մենք ուզում ենք, որպեսզի դուք տեսնեք, թե ինչպիսի մտահղացում էր սա, սա երազանք էր, որ իրականացավ Հայաստանում: Մեր հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը նպատակ էին դրել իրենց առջեւ բացել դուռ, որով աշխարհը կմտնի Հայաստան եւ Հայաստանը կմտնի աշխարհ»,- նշեց Դեվիդսոնը:
2017 թ.-ի համար քոլեջը Վրաստանի համար նախատեսել է 7 ուսանողի տեղ, որոնցից 3-ը կրթություն կստանան հենց Դիլիջանի մասնաճյուղում, իսկ մնացած 4-ը Եվրոպայի տարբեր երկրներում:
Դպրոցի սան դառնալու համար, աշակերտի տարիքը պետք է լինի 16 կամ 17: Ապա համալսարան են ընդունվում մի քանի փուլի միջոցով: Հաղթահարելով բոլոր փուլերը, ուսանողը պատահական ընտրությամբ ընդունվում է քոլեջի այն մասնաճյուղ, ուր տեղեր են հատկացված տվյալ երկրի քաղաքացիների համար: Քոլեջ ընդունվելուց հետո միայն դրվում է ֆինանսների հարցը: Եթե ուսանողի ընտանիքը ուսման համար վճարելու հնարավորություն չունի, դպրոցը դիմում է դոնորներին, որոնք ապահովում են ուսանողի ուսման վարձը, կամ էլ դրա որոշ մասը: