Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի ուսուցիչների մի մասը լքել է Վրաստանն ու ապաստան խնդրել տարբեր երկրներում: Այս մասին «Interpressnews.ge»-ին փոխանցել է քոլեջի նախկին տնօրեն Սաֆեդ Բայրաթ Թութանը:
Նրա խոսքով, վարժարանի փակումից հետո ուսուցիչների մի մասը արտասահման է մեկնել։ Նա նշել է նաև, որ դպրոցի նախկին ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուկի ձերբակալությունից, ինչպես նաև նրան Թուրքիային արտահանձնելու պահանջից հետո, Վրաստանը լքած ուսուցիչների թիվ աճել է:
«Չեմ կարող հստակեցնել, թե որ երկրներն են գնացել, բայց փաստը և իրականությունն այդպիսին է: Դպրոցի փակման պատճառով մանկավարժների մի մասը գնաց տարբեր երկրներ ապաստան խնդրելու և աշխատանք գտնելու ակնկալիքով: Չաբուքի ձերբակալումից հետո այդ ճանապարհով գնացողների թիվն էլ ավելի աճեց»,-ասել է Թութանը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում 1993 թվականից գործող Դեմիրելի անվան մասնավոր քոլեջի ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքին Վրաստանում ձերբակալել են Թուրքիայի պահանջով: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամակցության և աջակցության մեջ: Չաբուքի արտահանձնման մասին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում կկայացնի փետրվարի 19-ին:
Թուրքիայի իշխանությունները դպրոցը կապում էին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ։