Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները, բացի նախագահ Գիորգի Պապուաշվիլիից, հերքել են իրենց վրա գործադրված ճնշումների մասին տեղեկությունները: Այս մասին ասվում է Վրաստանի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ: Անցած շաբաթ Պապուաշվիլին հայտարարեց, որ դատավորները շանտաժի և ճնշումների թիրախ են դարձել, որը նպատակ ունի ազդել իշխանությունների համար կարևոր գործերով վճիռների վրա կամ հետաձգել դրանց կայացումը: Դատախազությունը քրեական գործեր է հարուցել «արդարադատության իրականացման վրա ազդելու նպատակով դատարանի գործերին կոպիտ կերպով միջամտում» և «անձնական կյանքի գաղտնիության խախտում» հոդվածներով:
«Հարցաքննվել են Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները` բացի նախագահից: Բոլոր հարցաքննվածները հերքում են դատարանի որոշումների վրա ազդելու նպատակով արված ճնշման կամ միջամտության որևէ այլ փորձի մասին տեղեկությունները», — ասվում է Դատախազության հայտարարության մեջ:
Դատախազությունը կշարունակի քրեական գործի քննությունը, որպեսզի ստուգի դատավորների ցուցմունքներում առկա այն հանգամանքները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նախաքննության համար: Դատախազության տվյալներով, այս շաբաթ Սահմանադրական դատարանի նախագահ Գիորգի Պապուաշվիլին ևս կհարցաքննվի:
Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ, Սահմանադրական դատարանի նախագահի և Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հանդիպման ընթացքում: Ավելի վաղ Պապուաշվիլին հանդիպել էր Վրաստանի նախագահի և վարչապետի հետ և ներկայացրել հիշյալ խնդիրը: