«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հարցաքննության է կանչվել ՆԳՆ-ի քրեական ոստիկանության կենտրոնական բաժին:Գվարաման վկայի կարգավիճակով պետք է ներկայանա ՆԳՆ նոյեմբերի 3-ին:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Գվարամիան կհարցաքննվի համակարգչային համակարգում չարտոնված մուտք գործելու, անհատական զրույցների ապօրինի ձեռքբերման և տարածման գործով:
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն հետաքննություն էր սկսել այն բանից հետո, երբ Նիկա Գվարամիան հայտարարել էր, թե համացանցում է հայտնվել իր և Թբիլիիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի զրույցի ձայնագրությունը:
Գվարամիան հայտարարել էր, որ Մամուկա Ախվլեդիանիի հետ զրույցը ինքն էր ձայնագրել, որպեսզի զերծ մնա հետագա սադրանքներից: Նա այդ ձայնագրությունը պահել է համակարգչում, սակայն ավելի ուշ ջնջել, քանի որ, ըստ նրա՝ այն արդեն կորցրել էր հետաքրքրությունը:
«Ինչպես երևում է` գործ ունենք նոր հանցագործության հետ, սա ապօրինի մուտք գործելն է` համակարգչային համակարգ: Սա կիբեռհանցագործություն է»,- հայտարարել էր Գվարամիան: