Վրաստանի մետրոպոլիտենում գործող այլընտրանքային «Միություն 2013» արհմիությունն առաջիկայում կհայտարարի մետրոպոլիտենում կայանալիք գործադուլի ամսաթիվը, որը հավանաբար կլինի մայիսի 3-ը։ Նախաձեռնողները պատրաստում են քաղաքացիներին բաժանել տեղեկատվական բուկլետներ, ինչպես նաև դիմել աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը՝ ընթացակարգերը պահպանելու նպատակով:
Մետրոպոլիտենում բողոքի պատճառն այն է, որ աշխատավարձերի բարձրացում 2013-ից ի վեր չի եղել։ Վարորդները պահանջում են ժամավճարը 7 լարիից հասցնել 10 լարիի։
«Միություն 2013»-ի կազմում են մետրոպոլիտենի մեքենավարների մեծամասնությունը, համապատասխանաբար, գործադուլ սկսելու դեպքում կփակվեն մետրոյի բոլոր կայարանները: Ավելի վաղ հանդիպում է եղել իշխանությունների հետ, սակայն տրանսպորտային կազմակերպության և քաղաքապետարանի պատասխանը մեկն է՝ աշխատավարձերի բարձրացում չի լինի:
«Գործադուլից բացի այլ ելք չի մնում»,-հայտարարել են «Միություն 2013»-ից: