Գորիի շրջանի Սոբիսի գյուղում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվ աջակից Ալբերտ Մերաբիշվիլին: Վերջինս լրագրողներին տեղեկացրել է, որ իրեն ծեծել են քվեարկության գնալիս:
Նա տեղի ունեցածի մեջ մեղադրում է Գորիի սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմին) ներկայացուցիչ, իշխող «Վրացական երազանք»-ի անդամ Կոբա Բերիանիձեին:
Մերաբիշվիլիի պնդմամբ, ինքը ծեծի է ենթարկվել մոտ մեկ տասնյակ անձանց կողմից: Նա ծեծկռտուքի անձնական դրդապատճառները բացառել է՝ նշելով, որ Բերիանիձեին առաջին անգամ էր տեսնում: Այժմ Մերաբիշվիլին գտնվում է հիվանդանոցում:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հայտնել են, որ տեղի ունեցածը Մերաբիշվիլիի կողմից իրականացրած սադրանքի հետևանք է: Վրաստանի ՆԳՆ-ը քրեական գործ է հարուցել ՔՕ-ի 125-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։