Վրաստանի վարչապետը կարծում է, որ անհրաժեշտ է վերջ դնել քաղաքական դիմակայությանը, և երկիրը պետք է միավորվի, որպեսզի հաջորդ չորս տարիները պատմական դառնան Վրաստանի համար: Այս մասին նա հայտարարել է Նինոծմինդայում` բնակչության հետ հանդիպման ժամանակ: Գիորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք»-ի կողմնակիցներին ներկայացրել է իր գլխավորած կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Հենզել Մկոյանին:
«Ապագա չորս տարիների համար մենք կազմել ենք երկրի արագ մոդերնիզացիայի ծրագիր, որպեսզի մեր ենթակառուցվածները, առաջին հերթին տարանցիկ և շրջանային ենթակառուցվածքը, համապատասխանեն ժամանակակից ստանդարտներին: Կրթական համակարգում արմատական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի բարձրագույն կրթությամբ երիտասարդները միանգամից անցնեն աշխատանքի և ժամանակ ու միջոցներ չծախսեն ավելի քիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա: Նմանապես կարևոր են մեր ձեռնարկած տնտեսական բարեփոխումները», – նշել է վարչապետը:
Ելույթի ավարտին «Վրացական երազանք»-ի ղեկավարը ներկաների ուշադրությունն է հրավիրել Վրաստանի էթնիկ բազմազանության վրա և հայտարարել է, որ հենց բազմազանությունն է երկրի հարստություններից մեկը:
Լուսանկարը` վարչապետի ֆեյսբուքյան էջից