«Գիշերային ակումբն առանց թմրամիջոցի՝ նույն խաշն է՝ առանց սխտորի». Վրացի ազգայնականների երթը Թբիլիսիում

Նախօրեի լարված իրավիճակից հետո այսօր՝ մայիսի 14-ին, Թբիլիսիի խորհրդարանի նախկին շենքի մոտ կրկին ակցիաներ անցկացվեցին: Այս անգամ մայրաքաղաքի Ֆիլհարմոնիկ դահլիճի շենքի դիմաց հավաքված ազգայնական «Վրացիների քայլերթ»-ի, «Վրաստանի երիտասարդ ազգային դաշինք»-ի և այլ շարժումների ու կազմակերպությունների աջակիցները երթով շարժվեցին դեպի խորհրդարանի նախկին շենքի հարակից տարածք, որտեղ տեղակայված է ապրիլի 9-ի զոհերի հուշարձանը: Բողոքի երթի հիմնական նպատակը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Վրացիների քայլերթ»-ի առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն, մայիսի 12-ի երեկոյան «Հանուն իմ ազատության» խորագրով ակցիայի մասնակիցների՝ հուշարձանի վրա պարելը բողոքարկելն էր:

32446405_1821210341522255_6150940071827603456_n

Երթի մեկ այլ առաջորդ հայտարարեց, որ Վրաստանը լինելով քրիստոնեական երկիր, չի հանդուրժում գիշերային ակումբների առկայությունը:

«Գիշերային ակումբն առանց թմրամիջոցների՝ խաշն է առանց սխտորի: Հետևաբար, գիշերային ակումբներ այցելելով՝ մեր երիտասարդները թմրամիջոցներ են օգտագործում ու մահանում: Մենք չենք հանդուրժի ոտնահարել այն ազգային արժեքները, որ մեր նախնիներն են ստեղծել»,-նշեց նա:

Երթի մասնակիցների դժգոհության պատճառներից էր նաև «Սպիտակ աղմուկ» կազմակերպության նախաձեռնած «Հանուն իմ ազատության» ակցիայի մասնակիցների «անարխիստական պահվածքը և այն սոդոմը, որ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում»: Չմոռացան վերհիշել նաև նախորդ ակցիաների հերոսներին՝  Սորոսին, նշելով, որ թմրամիջոցներ Վրաստանում իրացվում են նրա ֆինանսավորմամբ, և վերոհիշյալ ակցիան նույնպես ֆինանսավորել էր Սորոսը:

32542296_1821210338188922_8441885548888457216_nՆախորդ ակցիաներից օգտագործվել էին նաև պաստառները:  Ազգայնականների պաստառներին հետևյալ գրառումերն էին. «ազատություն քաղբանտարկյալներին», «վերանա լիբերալ քաղաքականությունը»,  «դադարեցվի անբարոյականության քարոզը», «վերանա հակախտրականության օրենքը»:

Երթի ընթացքում մասնակիցները կանգ առան «Գալերի» գիշերային ակումբի հարակից տարածքում, որտեղ կազմակերպիչները մեջբերեցին հոգևորականների հայտարարությունը. «Մենք՝ անմիջական կապ ունենալով Վրաստանի հոգևորականների հետ, փոխանցում ենք, որ նրանք ծայրահեղ դեմ են Սուրբ Տաճարի դիմաց գիշերային ակումբի առկայությանը, դա սրբապղծություն են որակում»:

Տեղափոխվելով խորհրդարանի նախկին շենքի մոտ, մասնակիցները ծաղիկներ տեղադրեցին ապրիլի 9-ի զոհերի հուշարձանին: Ելույթների ընթացքում հայտարարվեց, որ ծրագրվում է փողոց դուրս գալ նաև մայիսի 17-ին (հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր, Թբիլիսիում այս կապակցությամբ հոմոֆոբիայի դեմ պայքարողները երթ են անցկացնում), միանալ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-ին (Վրաստանում այս օրը պատրիարքի որոշմամբ նշվում է ընտանիքի օր):

Թողնել պատասխան