ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիգի Ծերեթելին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ:
Ըստ Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայության՝ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ Գիգի Ծերեթելին վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշումը և հակամարտությունների կարգավորման գործընթացում միջազգային խաղաղապահ առաքելությունների ներգրավման կարևորությունը:
Կողմերը շեշտել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անհրաժեշտությունը Արևելյան Ուկրաինայում մարտական գործողությունները լիովին դադարեցնելու և Մինսկի համաձայնագիրը լիովին իրականացնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Դոնբասի զինված հակամարտության հետևանքով տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հարցը: Հատուկ ուշադրություն է դարձվել ներքին տեղահանված անձանց իրավիճակի վրա: Հանդիպմանը կողմերը նշել են, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է առավել նպատակային և օժանդակ աջակցություն ցուցաբերեն այն երկրին, որը ավելի քան 2 միլիոն փախստական ունի:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Վրաստանի և Ուկրաինայի միջև ռազմավարական համագործակցության խորացման անհրաժեշտությանը և քննարկել ռուսական ագրեսիայի և եվրաատլանտյան ինտեգրման համատեքստում երկկողմ հարաբերությունների կարևորությունը: