Վրաստանում խորհրդարանական ընտրությունները եթե անցկացվեն վաղը, ապա իշխող «Վրացական երազանք» կոալիցիան աննշան ցուցանիշով առաջ կանցնի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:
Նման պատկեր է ցույց տալիս Վրաստանում գործող` ամերիկյան «Ազգային ժողովրդավարության ինստիտուտ»-ի (NDI) հերթական հարցումները:
Այսպես` հարցվածների 15%-ը` եթե Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղը, կքվեարկի «Վրացական երազանքի» օգտին, իսկ 13%-ը` «Միացյալ ազգային շարժման»:
հիշեցնենք` փետրվարի 23-ից մարտի 14-ը Վրաստանի ողջ տարածքում անցկացված հարցմանը մասնակցել է 3900 մարդ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի գործունեությանը հարցվածների 42%-ը միջին գնահատական է տվել, 27%-ը` դրական, 26 %-ը`բացասական:
«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին անդրադառնալով կազմակերպության հարցման վերջին արդյունքներին, ասել է, որ այն անսպասել չէր.
«Պետք է նշեմ, որ նույն կազմակերպության կողմից` 2012թ. անցկացված հարցման համաձայն` բնակչության ընդամենը 12% էր մեզ ձայն տալու: Այդ օրվանից ի վեր NDI-ի կողմից իրականացված որևէ հարցում չի կարող իրական համարվել: NDI-ի գործունեությունն արդեն իր վրա լուրջ ստվեր է գցել. արդեն 10 տարի է, ինչ աշխատում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվերով», -ասել է կոալիցիայի անդամը:
Վրաստանի «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն նշել է, թե ժողովրդի տրամադրվածությունը հասկանալու համար` NDI-ի հետազոտության կարիքը չկար: Բուրջանաձեն ասել է, որ անձամբ իրեն քաջ հայտնի է, թե ժողովուրդն ինչպիսի ծանր վիճակում է.
«Մարդկանց ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն էլ ավելի են վատացել: Իշխանությունները, ցավոք, չեն գիտակցում հարցի լրջությունը, քանի որ ուշադրությունն այլ ոլորտների վրա են կենտրոնացրել»,-նշել է Բուրջանաձեն: