ՆԱՏՕ-ի ղեկավարները լիովին աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս մասին ասված է Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի ընդունած հռչակագրում:
Փաստաթուղթը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:
«Մենք դատապարտում ենք Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ռազմականացումը, փշալարերի և արհեստական սահմանների կառուցումը: Այս քայլերը խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հակասում միջազգային իրավունքին ու միջազգային պարտավորությունների սկզբունքներին»-նշված է հռչակագրում:
Հռչակագրում Ռուսաստանին կոչ է արվում նաև կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնագրի կետերը, մասնավորապես Վրաստանի տարածքներից դուրս բերել ռուսական ուժերը և թույլ տալ միջազգային անվտանգության միջոցառումներ իրականացնել:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները աջակցում են ժնևյան բանակցություններին՝ ընդգծելով Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շոշափելի արդյունքների հասնելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ: