Գուջարուլի գետից դուրս է բերվել Վրաստանի ներքին գործերի նախարարության ուղղաթիռը: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականն է տեղեկացնում, այս պահին պատրաստվում են ուղղաթիռը բեռնատար մեքենայով տեղափոխել Թբիլիսի: Ուղղաթիռն ուսումնասիրել են Վրաստանի ՆԳ նախարարը եւ արտակարգ շտաբի անդամները:
Հիշեցնենք, Բորջոմիի անտառի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ուղղաթիռներից մեկն ընկել էր ջուրը:
Ըստ տարածված տեղեկատվության՝ «Մի-8» վրացական ուղղաթիռն ընկել էր ջուր հավաքելու ընթացքում: Ուղղաթիռի անձնակազմի անդամներին տեղափոխել էին Թբիլիսիի Գուդուշաուրիի անվան հիվանդանոց: Նրանք ծանր վնասվածքներ չեն ստացել: