«Վրացական երազանք»-ի պատգամավորները չեն ներկայանում Բորջոմիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նիստերին, իսկ ընդդիմությունը քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը չի հաստատում։ Արդյունքում քաղաքապետարանի 125 աշխատակից հունվար ամսին մնացել է առանց աշխատավարձի: Այս մասին տեղեկացնում է droa.ge լրատվականը:
Բորջոմիի սակրեբուլոյի առաջին իսկ նիստում բոլոր պաշտոնները զբաղեցրել են ընդդիմադիր տարբեր ուժերից ընտրված պատգամավորները։ Այդ պատճառով «Վրացական երազանք»-ի պատգամավորները նիստերը բոյկոտում են:
Հունվարի 18-ին Բորջոմիի սակրեբուլոն չի հաստատել քաղաքապետարանի առաջարկած աշխատավարձերի վերաբերյալ փոփոխությունների նախագիծը: Նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ ներկայացված փոփոխությունների համաձայն, մոտ 700-800 լարիով ավելանում է քաղաքապետի, տեղակալների և սակրեբուլոյում առկա որոշ ծառայությունների ղեկավարների աշխատավարձերը:
«Կողջունենք աշխատավարձերի բարձրացումը այն դեպքում, եթե դա վերաբերի շարքային աշխատողներին ևս: Սակայն, քաղաքապետարանի կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթի համաձայն, քաղաքապետի, տեղակալների և ծառայությունների պետերի աշխատավարձերը ավելանում են 700-800 լարիով, շարքային աշխատողներինը՝ 20 լարիով: Մենք գտնում ենք, որ աշխատավարձերը դեռ անփոփոխ պետք է թողնել: Այսօր կարևորը Բորջոմիում առկա խնդիրների լուծումն է, ինչից հետո կմտածենք աշխատավարձերի բարձրացման մասին: Մենք հրաժարվել ենք նաև բոնուսներից ու հավելավճարներից»,- հայտարարել է Բորջոմիի սկարեբուլոյի ղեկավարի տեղակալ Գիորգի Գոգիչաիշվիլին:
Նշենք, որ Բորջոմիի սակրեբուլոն միակն է ողջ Վրաստանում, որտեղ մեծամասնություն է կազմում ընդդիմությունը: Սակրեբուլոյի 28 պատգամավորից 13-ը «Վրացական երազանքից» են, 15-ը` ընդդիմությունից: Վերջիններիս թվում 11 պատգամավոր «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ից են, 2-ը` «Միացյալ ազգային շարժում»-ից, մեկական պատգամավոր՝ «Եվրոպական Վրաստան»-ից և «Լեյբորիստական» կուսակցությունից: