«Լսարան 115» շարժման անդամները մի քանի կազմակերպության հետ միասին շարունակում են բողոքը` աշխատանքային իրավունքները վերականգնելու համար: Այս անգամ ակցիայի մասնակիցները հավաքվել էին Թբիլիսիի վակե թաղամասում գործող «Բիբլուս» գրախանութի հարակից տարածքում: «Համերաշխություն աշխատողներին»` վանկարկում էին ցուցարարները: Նախապես որպես ակցիայի վայր պետք է ծառայեր Թբիլիսիի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքը, սակայն ընտրվել էր «Բիբլուս»-ը, քանի որ օրեր առաջ գրախանութի տնօրինությունն աշխատանքից ազատվել է մի քանի աշխատակցի` որպես հեռացման պատճառ ներկայացնելով աշխատանքային կարգապահության խախտումը: Գրախանութի նախկին աշխատկիցները հատուկ տեսաուղերձում խոսում էին ծանր եւ անարդար աշխատանքային պայմանների մասին:
«Մենք այստեղ միավորել ենք մի քանի սոցիալական ակցիա, Վրաստանում շատ ծանր իրավիճակ է, 350 մարդ է ազատվել աշխատանքից Ռուսթավիում, աշխատանքից ազատված են նաեւ «Ֆրեսկո» սուպերմարկետի մասնաճյուղերի եւ «Բիբլուս» գրախանութի աշխատակիցները, Հանրային հեռուստաընկերության շատ աշխատակիցներ աշխատանքը կորցնելու վտանգի տակ են: Սրա համար պատասխանատու է կառավարությունը : Պետությունը պետք է միջամտի տարաձայնություններում, որ սկսվոււմ են գործատուի եւ աշխատակցի միջեւ և պետք է կանգնի աշխատակցի կողքին»,- ասում է «Լսարան 115» շարժման անդամ Լեւան Լորթքիփանիձեն:
Ցուցարարները նաեւ պահանջում են աշխատանքային օրենսգրքի վերանայում: Ակցիային ներկա էին նաեւ «Ռուսթավի ազոտ» ընկերության նախկին աշխատակիցները, որոնց բողոքը սկսվել է հունվար ամսից:
Վրաստանի արհմիության ղեկավարի տեղակալ Գոչա Ալեքսանդրիան ասում է.
«Համերաշխություն ենք հայտնում աշխատանքից ազատված ազոտի գործարանի աշխատակիցներին, նաեւ բոլոր նրանց, ովքեր վերջերս անարդարացիորեն զրկվել են աշխատանքից: Այս պահին կոչ ենք անում «Բիբլուսի» ղեկավարությանը ` քաղաքակիրթ վերաբերմունք դրսեւորել աշխատակիցների հանդեպ: Խնդիրը կարելի է լուծել երկխոսության միջոցով: Այստեղից տեղափոխվելու ենք դեպի «Վրաստանի բանկ» , քանի որ այն ուղիղ կապ ունի «Ռուսթավի ազոտի» հետ, պահանջելու ենք գործարանի նախկին աշխատակիցներին վերականգնել աշխատանքում»:
«Բիբլուս» գրախանութից ցուցարարները երթով շարժվեցին դեպի Թբիլիսիի Ազատության հրապարակ:
«Պահանջում ենք, որ վերահսկվեն աշխատանքային իրավունքները, քանզի գործող կառավարության ստեղծած պայմաններում փաստացի խախտված են աշխատուժի իրավունքները: Այս խնդիրը վերաբերում է վերջերս տարբեր կազմակերությունների աշխատանքից ազատվածներին, ովքեր դրա մասին չեն բարձրաձայնում: Պետությունը ադեկվատորեն պետք է արձագանքի այս հարցին»,- նշեց «Լսարան 115 » շարժման մեկ այլ անդամ Նինա Դոլիձեն:
Ցուցարարները հայտարարեցին, ցույցերը շարունակվելու են ամենօրյա ռեժիմով, աշխատանքից ազատվածները ծրագրում են դիմել դատարան: