Հուլիսի 14-ին Վրաստանի մի շարք քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների անդամների և այլ քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ցույց կազմակերպվեց Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտ: Ակցիայի մասնակիցները շարժվեցին Թբիլիսիի Վարդերի հրապարակից:
Ցույցի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով շփման գծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մոբիլիզացված էին Վրաստանի ՆԳՆ-ի ստորաբաժանումները:
Միջոցառման կազմակերպիչներից Լաշա Բերուլավայի խոսքերով՝ ակցիային մասնակցում են հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
«Մենք ուզում ենք բարձրաձայնել մեր համատեղ ուղերձն օկուպանտների դեմ։ Մեզանից 500 մետր հեռավորության վրա փշալարեր են անցնում, իբրև այդպես է անցնում սահմանը: Այստեղ հավաքված են մեր հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող քաղաքացիներ: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Մենք այստեղ ենք ասելու, որ թույլ չենք տա, որ մեր երկրի նկատմամբ իրականացվի սողացող օկուպացիա»:
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Նիկա Ռուռուան տիրող իրավիճակի մեջ մեղադրում է Վրաստանի իշխանություններին.
«Այս սողացող օկուպացիան Վրաստանի իշխանությունների դավաճան քաղաքականության արդյունքն է, որն օրեցօր ավելի է սրվում: Ամոթալի իշխանություն ունենք, որից ազատվելն այս պահին պետականության և ինքնիշխանության պահպանման առաջնահերթ խնդիրն է»:
Ակցիայի մասնակիցների շարքում էր նաև դերասան Դավիթ Քացարավան.
«Ժամանակն է, որ բոլորը դուրս գան և կանգնեն այս գծի վրա: Պետք է միասնական ռուս օկուպանտին ցույց տանք, որ մենք ամուր կանգնած ենք մեր հողի վրա և պատրաստ ենք այն պաշտպանել: Պետք է պարբերաբար արտահայտենք մեր անհանգստությունը՝ ասելով, որ հարկ եղած դեպքում կպայքարենք մինչև արյան վերջին կաթիլը»:
Միջոցառման կազմակերպիչներից լրագրող Էլիսո Կիլաձեն «Ալիք» մեդիայի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ ակցիաները շարունակական բնույթ կկրեն.
«Այս ցույցն անպայման կունենա շարունակություն։ Մենք այնտեղ ենք, որտեղ մեր երկիրը զգում է մեր կարիքը: Մեր երկրի հսկայական տարածքն օկուպացված է, մենք չենք կարող տանը հանգիստ նստել»: