Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Ինտերպրեսնյուս» լրատվականի հարցին, թե ինչպես կգնահատի իր գործունեությունը, պատասխանել է, որ չիրականացված խոստում չունի, բացի մեկից: Ըստ Նարմանիայի՝ նա ֆինանսական խնդիրների հետևանքով չի հասցրել կառուցել երիտասարդական կենտրոն, թեև նախագիծն արդեն գոյություն ունի։
«Իմ նախընտրական խոստումները միշտ պահում էի աշխատասեղանիս վրա, երբ ծրագրում էի ամենամյա նախագծերը: Քաղաքապետի պաշտոնիս ավարտին եւս մեկ անգամ ուսումնասիրել եմ իմ նախընտրական ծրագիրը եւ խոստումները, ըստ էության, իրականացրել եմ բոլորը, բացի մեկից՝ երիտասարդական կենտրոնի կառուցումից: Համոզված եմ, որ այս նախագիծն անպայման կիրականացվի: Մեր թիմի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն իր ծրագրում կարևոր տեղ է հատկացրել»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան: