Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է «Վրացական երազանք»։ Այս մասին խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը այսօրվա հանդիպմանը Իվանիշվիլիին առաջարկել է գլխավորել կուսակցությունը, ինչին վերջինս համաձայնել է:
«Անհրաժեշտ է առավելագույնս ուժեղացնել «Վրացական երազանք» կուսակցությունը: Մեզ համար կարևոր են ներկուսակցական գործընթացները: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ մենք պետական հարցերում միակարծիք լինենք: Բոլորին պարզ է, թե ինչքան մեծ է մեր թիմը ստեղծողի՝ պարոն Իվանիշվիլիի գործոնը այս հարցում»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետի հայտարարությամբ, Բիձինա Իվանիշվիլին կուսակցության նախագահի պաշտոնում կարող է ուժեղացնել գլխավոր քաղաքական միջուկը:
Նրա խոսքով, առաջիկա օրերին տեղի կունենա կուսակցության քաղխորհրդի նիստը, որին կհաջորդի համագումար, որտեղ մասնակիցները Բիձինա Իվանիշվիլիին կընտրեն կուսակցության ղեկավար: Կընտրվի նաև նոր քաղխորհրդի կազմը: Փոխանցում է rustavi 2-ը։