Թբիլիսի է ժամանել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա Նազարյանը:
Հայաստանի պատվիրակությանն արդեն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Նա շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ Բորջոմիի անտառի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Հայաստանի հրշեջ-փրկարարների օգնության համար. «Սա մեր պետությունների բարիդրացիական հարաբերությունների վառ օրինակ էր՝ ևս մեկ անգամ շնորհակալություն Հայաստանին, այս աջակցության համար:Այս տարի մենք նշում ենք մեր պետությունների համագործակցության 25 ամյակը, թեև մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Վրաստանի համար առաջնային է հարևան երկրների հետ գործընկերական և խաղաղ հարաբերությունները։ Այսօր մենք բազմաթիվ հարցերի մասին ենք զրուցել և եկել ենք այն համաձայնության, որ շատ կարևոր է երկու պետությունների խորհրդարաններում կազմված ընկերական խմբեր ունենալը։ Մենք կզարգացնենք մեր երկրների միջև եղած տնտեսական և սոցիալ-մշակույթային կապերը»,-ասել է Կոբախիձեն:
Բաբլոյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: «Միմյանց հետ հարաբերություններում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջև չլուծվող խնդիրներ չկան», — ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ևս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, նոր ուղիներ կգտնվեն բազմաբնույթ շփումների սերտացման համար` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը:
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակ: