«Բարի, գեղեցիկ, առաքինի»: Այսպես է կոչվում Ջիվանուն նվիրված ֆիլմը: Այն նկարահանվել է աշուղի 170-ամյակի առիթով, պրեմիերան Երևանում է տեղի ունեցել՝ այս տարվա հունիսին։
Ֆիլմի թբիլիսյան ցուցադրությունը ևս հոբելյանական միջոցառումների շարքից էր: Ցուցադրության համար ընտրվել էր Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային կենտրոնի «Գյուլբենկյան» սրահը: Հեղինակը մշակութաբան Ռիտա Շառոյանն է, ռեժիսորը՝ Արմեն Ռոնովը: Ֆիլմը թբիլիսյան հանդիսականին ցուցադրվեց առանց հեղինակների ներկայության: Ջիվանու կյանքից ու գործունեությունից բացի` ֆիլմը նաև հայ հնագույն նվագարաններից մեկի` քամանիի մասին է։ Ներկայացնում է դրա ստեղծման պատմությունը, կառուցվածքը, ժամանակի ընթացքում կրած փոփոխությունները։ Գործիքը ներկայացվում է դրա տիրոջ` Շիվանու միջոցով
Ջիվանին, նույն ինքը, Սերովբե Լևոնյանը, մանկուց բաժանվել է մորից, մնալով մորեղբոր խնամքի տակ: Աշուղական երգի առաջին դասերն առել է համագյուղացի Ղարա Ղազարից։ Կյանքի վերջին տարիներն ապրել է Թիֆլիսում: Հայ աշուղական պոեզիայի պատմության մեջ մեծ տեղ են գրավում Ջիվանու հայրենասիրական երգերը, իսկ Ձախորդ օրերը՝ աշուղական ստեղծագործության լավագույն նմուշներից է: Աշուղի լեզուն պարզ է, գերակշռողը ժողովրդական խոսքն է, Ջիվանին մեծապես նպաստել է հայ գրական աշխարաբարի զարգացմանը: Իր կյանքի օրոք դասական դարձած ստեղծագործողը հազարից ավելի բանաստեղծությունների հեղինակ է, հրապարակախոս, մարտչնող տեսակ ու արդարության դրոշակակիր, փիլիսոփա ու բարոյագետ: Այս տարի աշուղի հայրենի Կարծախ գյուղում բացվեց նրա տուն-թանգարանը: Հոբելյանական միջոցառումների շարք է անցկացվել նաեւ Հայաստանում: