Անցած շաբաթավերջին Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Բաթումիում ծավալված գործողությունների մասին քննարկումները թեև դեռևս չեն դադարում, սակայն բողոքի ալիքն արդեն մարել է, իսկ ծովափնյա քաղաքը պատրաստվում է առաջիկա հանգստի սեզոնին։
Աջարիայի հայկական համայնքի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյանը Aliq.ge-ի հետ զրույցում նշում է, որ մամուլը դեպքերը փոքր ինչ չափազանցված է ներկայացրել։
«Բաթումիում տեղի ունեցածը չափազանցված է ներկայացվում։ Իսկապես, տեղի են ունեցել անախորժություններ, խուլիգանություններ, մեքենաների հրկիզում, սակայն այդ ամենը եղել է ներքին գործերի վարչության շենքի հարակից տարածքում, մոտ 100-200 մետր հատվածի վրա, իսկ քաղաքում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել»,-ասում է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 11-ի երեկոյան Բաթումում բողոքի ցույցեր էին սկսվել, որոնք քաղաքացիների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախումների պատճառ էին դարձել։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ բողոքի ցույցի հետևանքով հասցված վնասը կազմում է մոտ 150 հազար լարի։
Հատկանշական է, որ «Վրացական երազանքը» իշխանափոխությունից հետո առաջին անգամ է ուժ կիրառել։
Ինքնաբուխ բողոքի ակցիայի համար տարբեր պատճառներ են նշվում՝ սոցիալականից մինչև քաղաքական։ Տարածված տեղեկությունների համաձայն, ամեն ինչ սկսվել է Բաթումիի պարեկային ոստիկանության կողմից քաղաքացուն տուգանելուց, ով մեքենան կայանել էր փողոցի արգելված հատվածում: Նշվում է նաև, թե ոստիկանապետը Աջարիայի մահմեդական վրացիներին «թաթարներ» է անվանել:
Աջարիայի շուրջ 340.000 բնակչի 65 տոկոսն ուղղափառ քրիստոնյաներ են, մոտ 30 տոկոսը՝ վրացի մահմեդականներ։ Այստեղ ապրում է շուրջ 10 հազար հայ, որոնցից ավելի քան 8000-ը՝ մայրաքաղաք Բաթումիում:
«Վրաստանում կան էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններ, որտեղ դեռևս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակաշրջանից ոստիկանությունը մի փոքր ավելի ակտիվ է, կոշտ, իշխանություններն ունեն մտահոգություններ այդ շրջանների շուրջ, այդպիսին է նաև Աջարիան»,-Aliq.ge-ին ասում է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ հավելելով, որ Վրաստանի իշխանությունները որոշակի փոփոխությունների պետք է գնան, ինտեգրացիայի, տնտեսական ծրագրեր իրականացնեն, որպեսզի դժգոհություններն այդքան սուր կերպով չարտահայտվեն։
Բացի այդ, ըստ Մելիքյանի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ազդեցությունն էլ ժամանակին բավական բարձր է եղել և կողմնակիցներն էլ շատ են այստեղ, ինչը նույնպես ռիսկային է դիտարկվում իշխանությունների կողմից։
Շատերի կարծիքով հենց այս քաղաքական ուժն է հրահրել բախումները՝ օգտագործելով սոցիալական ընդվզումը։
«Որոշ քաղաքական ուժեր, ինչպես օրինակ «Միացյալ ազգային շարժում»֊ը, Աջարիայում փորձում էին ինչ֊որ դիվիդենտներ քաղել, կարելի է ասել սպոնտան տեղի ունեցած միջադեպ էր, որից մի քանի ժամ անց արդեն այլ անձինք, այլ նպատակներով միացան ու փորձեցին այս դժգոհությանը քաղաքական երանգ տալ, սակայն իմ կարծիքով իշխանությունների կոռեկտ պահելաձևից ելնելով, մտափոխվեցին ու արդեն առավոտյան իրավիճակը հանգիստ էր»,-Aliq.ge-ին ասում է վրացագետը՝ հավելելով, թե չի կարծում, որ նմանատիպ իրավիճակ կարող է կրկնվել այլ վայրում։
«Միացյալ ազգային շարժման» որոշ անդամներ էլ իրենց հերթին հայտարարել են, թե Բաթումիում տեղի ունեցածը կազմակերպել է պետական անվտանգության ծառայությունը։ Այս տեղեկությունը, սակայն, հերքել է Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը՝ նշելով, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն իր գործունեությունից զատ, այլ գործընթացներում չի կարող ներգրավվել:
Աջարիայի հայկական համայնքի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյանի կարծիքով ժողովրդի ընդվզման պատճառները տարբեր են։
«Անվստահությունը ոստիկանների նկատմամբ, տուգանքների հաճախակիությունը, ոչ արդար տուգանքները ստեղծեցին նման մթնոլորտ և դարձան պատճառ, որ մարդիկ այդ ձևով ցույց տան իրենց վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ,-ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, թե չի արդարացնում ցույցի մասնակիցների պահվածքը,-ամեն բան կարելի էր առավել հանգիստ անել, երթեր, ցուցանակներ, անգամ ուշադրություն հրավիրելու համար կարելի է որոշ ժամանակով ճանապարհ փակել, բայց ջարդել, հրկիզել, բռնություն գործադրելը միանշանակ ընդունելի չէ և մեր քաղաքին սազական չէ, Բաթումին միշտ եղել է համերաշխ և բարեկամության քաղաք։ Մենք այստեղ ունենք մեծ հայկական համայնք և, փառք Աստծուն, որ այդ դեպքերում չկային մեր հայրենակիցները»։